ԱԱ Մ23․ Արմեն Մելիքյանը՝ չեմպիոն (ֆոտո)

20:56   3 նոյեմբերի, 2019

Հունգարիայում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը 60 կգ քաշայինների պայքարում նվաճեց ոսկե մեդալ:

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարշենբեկովի հետ եւ հաղթեց 9:7 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտն անցավ լարված պայքարում: Ղրղզստանի ներկայացուցիչի կոպիտ գոտեմարտելու հետեւանքով Արմեն Մելիքյանը առաջին մրցափուլում վնասվածք ստացավ քթի հատվածում, ինչի հետեւանքով ամբողջ գոտեմարտի ընթացքում արնահոսում էր:

Գորգի մրցավարը ստիպված եղավ մի քանի անգամ կանգնեցնել գոտեմարտը բժիշկների միջամտության համար, քանի որ Մելիքյանը չէր կարողանում վնասվածքով մրցել: Առաջին մրցափուլում 5:5 հաշվից հետո Մելիքյանը զարգացրեց մարտավարությունը երկրորդում եւ 4 միավորով առաջ անցավ հաշվի մեջ: Պայքարն ավարտվեց 9:7 հաշվով՝ հայ ըմբիշի վստահ հաղթանակով:

Ի դեպ, աշխարհի Մ23 նորընծա չեմպիոնը երզափակիչում գոտեմարտեց վիրակապով. կիսաեզրափակիչում Մելիքյանը ճակատային հատվածում վնասվածք էր ստացել:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելեւի նկատմամբ՝ 8։0: Քառորդ եզրափակիչում Արմեն Մելիքյանը 4։0 հաշվով հաղթել էր իրանցի Մեհդի Մոհսենին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 5:0 հաշվեվ հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչսկեմետիին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։