Մ23 ԱԱ․ Նորայր Հախոյանը վիճահարույց գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի մրցակցին

22:23   2 նոյեմբերի, 2019

Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության 55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը 2։7  հաշվով պարտվեց ադրբեջանցուն՝ վիճահարույց գոտեմարտում:

Հախոյանը պայքարը սկսեց մեծ ակտիվությամբ՝ ճնշելով մրցակցին բռնվածքներով: Ադրբեջանցին մի քանի անգամ գորգի մրցավարին ցույց տվեց բռնվածքը, թե ինչպես է Հախոյանը ծալում մատները: Հայ ըմբիշը ստացավ առաջին նկատողությունը: Ադրբեջանցի մարզիկը նաեւ կանգնեցրեց գոտեմարտը Հախոյանից կզակին հարված ստանալու պատճառով:

Գորգի մրցավարը երկու միավորը նվիրեց ադրբեջանցուն եւ եւս մեկ նկատողություն՝ Հախոյանին:

Հայ ըմբիշը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար եւ պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ պոկել մրցագորգից Ալիեւին: Առաջին մրցափուլը Հախոյանն ավարտեց 1:2 պարտությամբ եւ մեկ զգուշացումով:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում հայ ըմբիշը գորգի մրցավարին ցուցադրեց ադրբեջանցու թաց մարմինը, սակայն մրցավարը չնկատելու տվեց: Հաշիցը հավասարվեց Զաուր Ալիեւի պասիվության համար եւ Հախոյանը կրկին պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը գլորում կատարեց, սակայն ինքը հայտնվեց մրցակցի տակ: Գորգի մրցավարը 1 միավոր շնորհեց հայ ըմբիշին՝ ադրբեջանցու ոտքով պաշտպանվելու համար:

Իսկ կողային մրցավարները եւ գլխավոր մրցավարը չհամաձայնեցին գորգի մրցավարի հետ եւ երկու միավոր տվեցին ադրբեջանցուն, հաշիվը դարձնելով 4:2:

Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը բողոքարկեց գլխավոր մրցավարի որոշումը, բայց մրցավարական հանձնաժողովը չբավարեց բողոքարկումը եւ եւս մեկ միավոր տվեց ադրբեջանցուն՝ 5:2:

Բողոքարկումից հետո Նորայր Հախոյանն ավելի ագրեսիվ սկսեց գոտեմարտել՝ մի քանի անգամ գլխով հարվածելով ադրբեջացնուն, որը պարբերաբար ցավից գոռում էր, կանգնեցնում գոտեմարտն ու մրցավարներին ցուցադրում ստացած հարվածները: Գոտեմարտի վերջին վայրկյաններին գորգի մրցավարը եւս երկու միավոր շնորհեց ադրբեջանցուն՝ Հախոյանի ոչ ճիշտ բռնվածքի եւ մրցակցի մատները միտումնավոր ծալելու համար: Նորայր Հախոյանը պարտվեց 2:7 հաշվով:

Վերջում հայ ըմբիշն արդեն կորցրել էր ինքնատիրապետումը եւ ցանկանում էր հաշիվ պարզել ադրբեջանցու հետ հենց գորգում, սակայն գորգի մրցավարը միջամտեց:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 4:4 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաեւին: Վերջինը միավորը վաստակելու շնորհիվ հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին: Հախոյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ, քանի որ ռուս ըմբիշը հասել էր եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը հաղթել էր հունգարացի Ռիչարդ Ռաչին (8:0) եւ հնդիկ Արժուն Հալակուրկիին (10:2):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։