Արթուր Ավետիսյանը՝ Չինաստանից․ Շատ մեծ մրցակցություն էր

18:10   26 հոկտեմբերի, 2019

Չինաստանում ընթացող 8-րդ համաշխարհային բանականային խաղերում սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 30-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել 14,633 միավորով:

Հայաստանից մասնակցել են նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը եւ 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը:

Նժույգի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 13,833 միավոր։  Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է:

Արթուր Ավետիսյանն իր մասնակցությունը դրական է գնահատում: Նրա խոսքով, պայքարի մեջ է եղել օլիմպիական չեմպիոնի եւ աշխարհի գործող չեմպիոնի հետ:

«14,633 միավոր վաստակեցի օղակների վարժությունում: Գոհ եմ իմ մասնակցությունից: Բայց դեռ աշխատելու, մաքրելու եւ կոմբինացիայի վրա աշխատելու տեղ ունեմ: Ընդհանուր առմամբ լավ էր:

Շատ մեծ մրցակցություն էր: Առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն, չինացի Յան Լյունը, երկրորդ տեղում Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016-ի փոխչեմպիոն բրազիլացի Արթուր Զանետին էր: Շատ տիտղոսակիր մրցակիցներ ունեի: Երկրորդ տեղին զիջեցի չնչին միավորներով: Նա վաստակել էր 14, 7 միավոր: Չինացի մարմնամարզիկը վաստակեց 15,133 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճած մարմնամարզիկի վարժությունը մի քանի հարյուրերորդական միավորով բարդ էր իմ վարժությունից:

Յուրաքանչյուր մրցման բարձր արդյունք գրանցելու նպատակով ենք գալիս, բոլորիս նպատակը մեդալ նվաճելն է: Բանակային խաղերը շատ լավ էր կազմակերպված եւ բարձրակարգ մարզիկներ էին մասնակցում»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Նշենք, որ սա Հայաստանի երկրորդ մեդալն է համաշխարհային բանակային խաղերում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։