Հակոբ Մկրտչյան․ Փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում

09:10   26 հոկտեմբերի, 2019

Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը հոկտեմբերի 25-ին Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հռչակվեց չեմպիոն եւ ռեկորդակիր:

Հակոբ Մկրտչյանը սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տոնելուց օրեր անց կրկին մրցահարթակում էր եւ այս անգամ եւս իրեն հավասարը չունեցավ 89 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Մկրտչյանը սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում 210 կգ-ով, նաեւ ընդհանուր ռեկորդ՝ երկամարտի 375 կգ արդյունքով:  

Հիշեցնենք, որ այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ 27-ամյա ծանրորդը հաղթանակ էր տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այս բոլոր հաղթանակները Մկրտչյանը նվաճել է ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 89 կգ-ում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի պնդմամբ՝ Հակոբ Մկրտչյանը չի հասցնի փոխել քաշային կարգը մինչեւ Տոկիո-2020-ը, սակայն աշխարհի չեմպիոնն այս հարցի շուրջ իր տեսակետն ունի:

Հակոբ, շնորհավորում եմ հերթական փայլուն հաղթանակիդ կապակցությամբ Եվրոպայի Մ23 առաջնությունում:

Շնորհակալ եմ: Շատ լավ ստացվեց, այնպես, ինչպես ծրագրել էինք: Բարդ պայքար էր գնում իրականում, բայց ուրախ եմ, որ արդյունքը գոհացնող է: Այս տարվա ընթացքում շատ լավ էինք պատրաստվել բոլոր մրցումներին: Յուրաքանչյուր մրցման մոտեցել եմ լավ մարավիճակում եւ մեր բոլորիս լավ աշխատանքը տվեց իր արդյունքները: 

ԵԱ-ում հրում վարժության երկրորդ մոտեցմամբ ապահովեցիր չեմպիոնությունդ եւ կարող էիր երրորդ մոտեցման չգնալ: Պատրաստվե՞լ էիր ռեկորդին, թե՞ տեղում որոշեցիր:  

Պատրաստվել էի նախապես: Յուրաքանչյուր մրցման ես նպատակ եմ դնում իմ առջեւ ոչ միայն չեմպիոնություն, այլեւ ռեկորդ սահմանել: Եվրոպայի առաջնությունում էլ պատրաստ էի ռեկորդի եւ արեցի:

Մեկ ամիս առաջ փայլեցիր Թաիլանդի մրցահարթակում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ զգացողություններ են մնացել հաղթական օրվանից:

Զգացողություններս եւ տպավորություններս նույնն են: Ես դեռ 2018-ին Թուրքմենստանում պետք է նվաճեի աշխարհի չեմպիոնի կոչումը: Բայց այնտեղ չստացվեց: Սխալս շտկեցի Թաիլանդում: Երբ Բաթումիում դարձա Եվրոպայի չեմպիոն, վստահությունս ավելի մեծացավ եւ դա ինձ  օգնեց Թաիլանդի մրցահարթակում:

Հակոբ, այս բոլոր հաղթանակներդ նվաճեցիր ոչ օլիմպիական քաշային կարգում: Աշխարհի առաջնությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ չես հասցնի փոխել քաշային կարգդ Տոկիո-2020-ի համար: «Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս, եւ քաշային կարգ փոխելով մասնակցել Հայաստանի թիմից անհնար է: Նա կամ պետք է 10 կգ քաշ իջնի, կամ 6-7 կգ ավելացնի՝ մասնակցելով 96 կգ քաշային կարգում, որտեղ մարզիկները բարձրացնում են 230 կգ: Իսկ նա այսօր բարձրացնում է 208 կամ 210 կգ»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: Դու ի՞նչ տեսակետ ունես այս առումով: Կփոխե՞ս քաշդ:

Ես պատկերացնում եմ, որ կփոխեմ քաշային կարգս, անպայման: Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից կփոխեմ: Նախատեսում եմ մեկ ամսվա մեջ փոխել եւ, իմ կարծիքով, մեկ ամսում կհասցնեմ ու ամեն ինչ լավ կլինի, հաստատ: Քաշս կբարձրացնեմ:

Իսկ ինչո՞ւ է Փաշիկ Ալավերդյանը հակառակը մտածում:  

Չգիտեմ, ամեն մարդ մի ձեւ է մտածում: Ես, օրինակ, մտածում եմ, որ կհասցնեմ հաստատ: Չգիտեմ՝ ով, ինչ է մտածում, բայց ես հաստատ կհասցնեմ մինչեւ Օլիմպիական խաղեր:

Ի՞նչ ես կարծում՝ քեզ ավելի լավ կզգաս բա՞րձր քաշում, թե՞ ցածր:

Գտնում եմ, որ ծանր քաշում ինձ ավելի լավ կզգամ: Եթե ցածր քաշ տեղափոխվեմ, շուրջ 10 կգ քաշ պետք է կորցնեմ: Դա արդեն խնդիր է ինքն իրենով, վնասվածքներ կլինեն հաստատ: Ես կտեղափոխվեմ 96 կգ: Իմ անձնական քաշը 90 կգ է: Բարձրանալը խնդիր չի լինի, ավելին՝ ավելի լավ կզգամ ինձ:

Նպատակդ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերն է...

Միանշանակ: Եվրոպայի, աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել եմ: Այժմ նպատակս Օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է: Եթե նույնիսկ այս Օլիմպիական խաղերում չստացվի, կշարունակեմ օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարել հաջորդ մրցաշրջանում: Բայց ամեն ինչ կանեմ, որ այս Խաղերին մասնակցեմ եւ հաղթեմ: Ամեն դեպքում, միեւնույն է, եթե հաջողվի այս Օլիմպիական խաղերում հաղթել, շարունակելու եմ մարզվել եւ նորանոր հաղթանակներ կերտել հայկական ծանրամարտում:

Վերադառնանք աշխարհի առաջնությանը: Ի՞նչ փոխվեց կյանքումդ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

Իրականում ոչինչ չի փոխվել. ամեն ինչ նույնն է, միայն հաղթանակներիս մեջ ավելացավ եւս մեկ՝ ինձ համար շատ կարեւոր նվաճում: Իմ կյանքում, առօրյայում առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել:

Սովորաբար, բարձր նվաճումներից հետո մարզիկները չեն կարողանում խուսափել աստղային հիվանդությունից. քեզ մոտ ինչպե՞ս է:

Ես նման բաներ չունեմ ընդհանրապես (ծիծաղում է): Չեմ զգացել, որ թեկուզ մեկ անգամ ինձ ինչ-որ մեկից բարձր դասեմ կամ զգամ: Երեւանում եւ հատկապես Գյումրիում ինձ շատ լավ դիմավորեցին, եւ ես միայն ուրախ եմ, որ կարողացա իմ ազգին ուրախություն պարգեւել իմ հաղթանակով:

Տարբեր հարցարզույցներում նշել ես, որ աշխարհի առաջնությունում հաղթանակդ նվիրում ես ապագա որդուդ:

Այո, որդիս ծնվելու է հունվարին եւ նրան նվիրեցի հաղթանակս: Անհամբերությամբ սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն եւ շատ ուրախ եմ, որ շուտով հայր եմ դառնալու: Անբացատրելի են զգացողություններս: Արդեն որոշել ենք նրա անունը: Կկոչենք պապիկիս անունով՝ Արթուր:

Իսկ կուզե՞ս, որ ընտրի քո ճանապարհը:

Այն օրերն ու դժվարությունները, որ մենք ենք տեսնում, չեմ ուզի, որ նա էլ տեսնի (ծիծաղում է): Բայց, եթե սիրի ծանրամարտը, դեմ չեմ լինի: Եթե ինձանից կարծիք հարցնի, խորհուրդ չեմ տա:

Ամուսնական կյանքն ու սպորտն ինչպե՞ս ես կարողանում համատեղել:

Ամուսնացել եմ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին: Սպորտն ու ընտանեկան կյանքը հաջողությամբ եմ համատեղում, բարդություններ այս առումով չունեմ, քանի որ ես եւ կինս իրար լավ ենք հասկանում, ինքը գիտի՝ ես ինչ կյանք եմ ընտրել:  

Հակոբ, ինչպե՞ս ընտրեցիր ծանրամարտը:

 8 տարեկանում եղբայրս ինձ առաջին անգամ տարավ ծանրամարտի մարզումների:  Շատ սիրեցի այս մարզաձեւը եւ սկսեցի մարզվել Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցում մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Մինչս օրս նա է իմ անձնական մարզիչը:

Իսկ ունեցե՞լ ես հիասթափության շրջան, երբեւէ ցանկացե՞լ ես թողնել ծանրամարտը:

Պատանեկան տարիքում եղավ մի շրջան, որ մի քանի օր չգնացի մարզումների, չէի ուզում: Հետո հայրս նկատողություն արեց, ասաց՝ «եթե մի բանն ընտրել ես, ուրեմն պետք է մինչեւ վերջ գնաս»: Այդպես հայրիկիս հորդորով շարունակեցի ու մնացի ծանրամարտում:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Հակոբ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.