Մագնուս Կարլսեն․ Զգում էի, որ 100-ը մոգական թիվ է

13:16   22 հոկտեմբերի, 2019

Աշխարհի չեմպիոն, 28-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է դասական շախմատում անպարտելի շարքի իր ռեկորդը՝ 101 պարտիա։ Կարլսենը գերազանցեց չինացի Դին Լիրենի ռեկորդը՝ 100 պարտիա։

«Ես զգում էի, որ 100-ը մոգական թիվ է։ Երբեք չէի մտածի, որ այսքան հեռու կհասնեմ։ Բայց պետք էր նաեւ հաջողություն։ Վերջին շրջանում այնքան էլ լավ չէի խաղում, եւս այս ռեկորդի առթիվ կարող եմ միայն ուրախանալ»,- Կարլսենի խոսքը մեջբերում է NRK-ն։

Պետք է նշել, որ անպարտելի շարքի ոչ պաշտոնական ռեկորդը պատկանում է ռուսաստանցի Սերգեյ Տիվյակովին ու խորվաթ Բոգդան Լալիչին՝ 110-ական անընդմեջ պարտիա առանց պարտության։ Սակայն նրանք հանդես են եկել ոչ այնքան բարձր կարգի մրցաշարերում եւ նրանց ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել։

«Ցանկանում եմ գերազանցել նաեւ Տիվյակովի եւ Լալիչի ռեկորդները։ Չեմ պատրաստվում քննարկել, թե ինչ մրցաշարերում են նրանք խաղացել։ Ինձ պետք է հասնել նաեւ այդ ցուցանիշին»,- նշել է Կարլսենը։

Հիշեցնենք, որ նորվեգացի գրոսմայստերը ռեկորդը սահմանել է՝ ոչ ոքի խաղալով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի հետ Grand Swiss-ի վերջին տուրում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։