Grand Swiss․ Լեւոն Արոնյան - Մագնուս Կարլսեն (Live)

16:37   21 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 10 տուրից հետո նրանք վաստակել են 7-ական միավոր։

7,5 միավորով առաջին տեղը միանձնյա զբաղեցնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սեւերով խաղում է ամերիկացի Հիկարու Նակամուրայի (7 միավոր) հետ։

Առաջին տեղին հավակնում են նաեւ 7-ական միավոր ունեցող եւ վերջին տուրում իրար հետ մրցող ռուսաստանցիներ Կիրիլ Ալեքսեենկոն ու Նիկիտա Վիտյուգովը եւ չինացի Հաո Վանն ու անգլիացի Դեւիդ Հաուելը։

Grand Swiss մրցաշարի 10-րդ տուրում հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին՝ Կարլսենը անպարտելի շարքը հասցրել է 100 պարտիայի։ Նման ցուցանիշ ունեցել էր նաեւ չինացի Դին Լիրենը, որը 2017թ․ օգոստոսի 10-ից մինչեւ 2018թ․ նոյեմբերի 10-ը չէր պարտվել 100 պարտիայում։ 101-րդ պարտիայում Դին Լիրենը պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Այս ռեկորդը Կարլսենը կբարելավի, եթե Grand Swiss-ի վերջին տուրում սեւերով չպարտվի Լեւոն Արոնյանին։ Կարլսենը դասական շախմատում պարտություն չի կրել 2018թ․ հուլիսի 31-ից։

Grand Swiss-ի մրցանակային հիմնադրամը 433 հազար դոլար է։ Հաղթողը կստանա նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։