Եվրո-2020․ Հայաստանի թիմի ֆուտբոլիստների նախախաղային մեկնաբանությունները

16:08   11 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Լիխտենշտեյնի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման նախօրեին ավանդաբար հանդես են եկել նախախաղային մեկնաբանություններով լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Շվեյցարիայից։

Կիսապաշտպան Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա)

«Բուլղարիան համեմատաբար ուժեղ առաջնություն է: Այստեղ արագաուժային ֆուտբոլ են խաղում: Ամեն խաղում ինչ-որ մի նոր բան ես սովորում, հարմարվում ես տեմպին: Լավ մարզավիճակում եմ գնտվում:

Շատ դժվար խաղ է սպասվում մեզ: Գիտենք, որ Լիխտենշտեյնը հեշտ մրցակից չէ: Ունենք կորուստներ, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի այդ կորուստները կարողանանք լրացնել:

Մխիթարյանի բացակայությունը շատ մեծ կորուստ է մեզ համար: Բայց սա ֆուտբոլ է: Մեր խաղընկերների բացակայությունը մեզ ուժ կտա, որպեսզի համախմբվենք և լավ խաղ ցուցադրենք»:

Պաշտպան Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան)

«Շատ լավ ծանոթ ենք Լիխտենշտեյնի թիմի խաղին: Պետք է կենտրոնացված գործենք պաշտպանությունում, որովհետև լավ են հակագրոհում:

Ֆինլանդիայի դեմ երևանյան խաղը ամենավատն էր այս ընտրական փուլում: Բայց այդ խաղից հետո շատ բան է փոխվել: Նախ՝ կձգտենք հաղթել Լիխտենշտեյնին, իսկ հետո՝ լավ հանդես գալ ֆինների դեմ խաղում:

Ցավոք, առաջիկա խաղերում մեզ չի օգնի Հենրիխ Մխիթարյանը: Սակայն, մենք, այսպես ասած, հարց լուծող տղաներ ունենք առջևի գծում։ Նրանք կարող են վճռել ցանկացած հանդիպման ելք մեր օգտին:

«Ուրալում» ավելի շատ եմ սկսել խաղալ, սակայն երբեմն չեմ հայտնվում մեկնարկային կազմում լեգեոներների լիմիտի պատճառով»:

Պաշտպան Արարատ Մոնրո («Բոյակա Չիկո», Կոլումբիա)

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ ազգային հավաքական: Ցանկանում եմ օգտագործել իմ շանսը և հնարավորինս լավ դրսևորել ինձ այս հավաքի ընթացքում: Այս ընթացքում, ինչ չէի հրավիրվում Հայաստանի հավաքական, խաղային աճ եմ գրանցել և սկսել եմ ավելի համարձակ գործել:

Այո, կարող եմ խաղալ նաև ձախ պաշտպանի դիրքում, թեեւ աջլիկ եմ: Այդպիսի փորձ ես ունեմ: Լատինաամերիկյան և եվրոպական ֆուտբոլի միջև բավականին մեծ տարբերություն կա: Այստեղ ավելի արագ` 1, 2 հպումով են խաղում: Կոլումբիայում հաճախ օգտագործում են 4, 5 հպում: Սակայն, կարծում եմ, որ հարմարվել եմ և կկարողանամ լավ դրսևորել ինձ»:

Պաշտպան Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա)

«Արդեն մոռացելեմ ակումբում նախորդ երկու խաղերում ստացած կարմիր քարտերի մասին: Դա ֆուտբոլի մի մասն է: Ամբողջովին պատրաստ եմ առաջիկա խաղերին և կենտրոնացած եմ հավաքականի մրցելույթների վրա:

Առջևում մեզ սպասում են անչափ կարևոր հանդիպումներ: Չենք պատրաստվում թերագնահատել Լիխտենշտեյնի թիմին: Շարունակում ենք պայքարը երկրորդ տեղի համար: Ամեն ինչ կանենք այս խաղերում 6 միավոր վաստակելու համար:

Ժամանակին «Յուրգորդենում» խաղացել եմ Ֆինլանդիայի հավաքականի երկու ֆուտբոլիստների հետ: Լավ խաղացողներ են: Այո, լավ եմ ճանաչում մրցակցին, քանի որ խաղում եմ հարևան Շվեդիայում:

Այո, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղին ներկա էին իմ ընտանիքի անդամները, որոք շատ են օգնում ինձ: Ֆինլանդիայի դեմ հանդիպմանն էլ ներկա կլինեն ծնողներս»:

Հայաստանի հավաքականը Լիխտեյնշտեյնի թիմի հետ խաղը կանցկացնի հոկտեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին:

Սամվել Սուքիասյան` Սանկտ Գալենից (Շվեյցարիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։