«Արարատ-Արմենիայի» տնօրենի պատասխանը «Փյունիկի» եւ «Ուրարտուի» սեփականատերերին․ Մենք էլ շատ տառեր գիտենք

09:10   2 հոկտեմբերի, 2019

Ի պատասխան վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը կոչ է արել մյուս ակումբների ղեկավարներին կոռեկտ և զուսպ լինել իրենց հայտարարություններում:

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության հետ զրույցում Պողոս Գալստյանն ասել է.

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագոռգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ:

Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվը առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ջևան Չելոյանցը ասել էր. «Երբ դեռ նոր եկա «Բանանց», առաջին քայլս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստի` արտասահման բուժման ուղարկելն էր: Ինձ համար կարևոր չէր, շատ տաղանդավոր է նա, թե ոչ, կարևոր էր, որ նա «Բանանցի» ֆուտբոլիստ է: Նա բուժվեց եկավ, իսկ հետո եկավ և ասաց, որ ուրիշ ակումբ նրան 150 դոլար ավելին էր առաջարկել: Այդ ակումբը նրա համար Հայաստանի համար աներևակայելի գումար էր առաջարկել: Ես ասացի, որ «գ»-ով սկսվող ֆուտբոլիստների համար մենք գումար չենք վերցնում, թող անվճար տեղափոխվի»: 

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ասուլիսում Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ «Արարատ-Արմենիան» վերջերս «փախցրել» է ակումբի 6 պատանի ֆուտբոլիստների: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։