Ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերադարձը հայրենիք հետաձգվում է

23:29   29 սեպտեմբերի, 2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թաիլանդի Պատայա քաղաքից Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ժամանել է ուշացումով ու սեպտեմբերի 29-ի երեկոյան նախատեսված Կիեւ-Երեւան չվերթին թիմը չի հասել։ Ծանրորդները Հայաստան կվերադառնան առաջին հարմար չվերթով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

Սպասվում է, որ թիմը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին, 02։50-ին։

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթեւ Հակոբյան (87 կգ):

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ. Սիմոն Մարտիրոսյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյան՝ արծաթե մեդալ. աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյան՝ աշխարհի բրոզե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը 109 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի 429 կգ արդյունքով: Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ:

89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոնը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ եւ երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

+109 կգ քաշայինների պայքարում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 460 կգ արդյունքով: Նույն քաշային կարգում հանդես եկած այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։ Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը՝ բարձրացնելով 212 կգ, ինչը անձնական ռեկորդ է։ Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248 կգ, Ռուբեն Ալեքսանյանը 245 կգ-ով երրորդն էր։ Այս քաշային կարգում շարունակում է անգերազանցելի մնալ Լաշա Տալախաձեն՝ 484 կգ (220+264):

Մյուս քաշային կարգերում փոքր բրոնզե մեդալ նվաճեց միայն 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը եւ, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը 5-րդն է:

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Կանանց պայքարում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով 10-րդ տեղն է, B խմբում հանդես եկած 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 202 կգ արդյունքով 6-րդն է: Աշխարհի առաջնությում միակ ձախողումը Անդրանիկ Կարապետյանինն էր: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը 81 կգ քաշային կարգում երկամարտում 0 ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։ Պոկում վարժությունում Կարապետյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 168 կգ եւ այդ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել նախապես պատվիրած 195 կգ-ն:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։