Հաբեթնակ Կուրղինյան. Հավաքականը սերնդափոխության կարիք ունի

15:24   21 սեպտեմբերի, 2019

Աշխարհի առաջնությունում հաղթողի եւ կռիվ տվողի հոգեբանությամբ մրցագորգ դուրս եկան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Գրիգոր Գրիգորյանը։ Մյուսները վատ հանդես եկան։ Այսպես Նուրսուլթանում NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ 

Գլխավոր մարզիչը Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների անհաջող մրցելույթներից հետո ամփոփեց ազատ ոճի աշխարհի առաջնությունը:

«Երիտասարդներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանն իրենց նորամուտը նշեցին մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Նորմալ եմ գնահատում նրանց մասնակցությունը։ Դեռ առջեւում է նրանց մարզական կարիերան։ Նրանց կտրվի հնարավորություն պայքարել օլիմպիական ուղեգրերի համար։ Այստեղ շատ լավ կարծիքներ են հնչել Արսենի ու Վազգենի մասին, տարբեր երկրների մասնագետներ ասում են, որ տղաները մեծ պոտենցիալ ունեն եւ բոլոր հնարավորություններն ունեն օլիմպիական ուղեգիր նվաճելու։

Մյուս քաշային կարգերում Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Լեւան Բերիանիձեն պարտություն կրեցին իրենց սխալների, տակտիկական սխալների պատճառով։ Ես, մասնավորապես, մեծ հույսեր ունեի Եվրոպայի չեմպիոնից՝ Արսենից, Վազգենից և Գրիգորից։ Պետք է վերլուծենք եւ հասկանանք՝ ինչումն է այս իրար հաջորդող պարտությունների պատճառը։

Մեր հավաքականում սերնդափոխություն է, մեզ նոր շունչ է պետք։ Մեծահասակների համար աշխարհի առաջնությունն արդեն շատ բարդ է։ Մեր հավաքականում վերջին տարիներին զգացվում էր այդ սերնդափոխության կարիքը։ Այժմ պետք է հասկանանք, որ թիմը պետք է երիտասարդացվի։

Առաջիկայում երկու վարկանիշային մրցաշար ունենք՝ մարտ եւ ապրիլ ամսին։ Մինչ այդ Հայաստանի առաջնություն կանցկացնենք ու պարզ կլինի, թե ով է պայքարելու օլիմպիական ուղեգրերի համար։ Այս պահին հստակ կարող եմ ասել, որ օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն կստանան այս կազմից Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը։ Մյուս քաշային կարգերում Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշենք։ Վարկանիշային մրցաշարերն էլ կրկնակի բարդ են լինելու, քանի որ 1-2 տեղն են օլիմպիական վարկանիշներ տալու»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Ազատ ոճի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում դատարկաձեռն։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը չկարողացավ ոչ մեդալ նվաճել, ոչ էլ օլիմպիական ուղեգիր։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։