Էդուարդ Սահակյան․ Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը եզրափակիչին հարցականի տակ է (ֆոտո)

16:26   16 սեպտեմբերի, 2019

Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է։ Նա եւ մենք բոլորս շատ ենք ցանկանում, որ մասնակցի, բայց դեռ վերջնական պարզ չէ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։

Արթուր Ալեքսանյանն արդեն ժամանել է «Բառիս Արենա» եւ  մարզումների սրահում է։ Մարզիչները եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Արթուրի հետ քննարկում է օլիմպիական չեմպիոնի մասնակցության հարցը։ Դեռ վերջնական պարզ չէ՝ կմասնացի Արթուրը եզրափակիչ գոտեմարտին, թե ոչ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իրեն լավ է զգում, ինքնազգացողությունը նորմալ է։ Մասնակցության հարցը դեռ քննարկման փուլում է։

Էդուարդ Սահակյանի խոսքով Արթուր Ալեքսանյանը ցանկանում է միանշանակ մասնակցել, քանի որ չի ցանկանում 4-րդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունը ձեռքից բաց թողնել։

«Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ոչ։ Որպես պարզաբանում՝ Արթուր Ալեքսանյանը երեկ չի ստացել կողոսկրի վնասվածքը։ Արթուր Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք չի ստացել։ Բելառուսի Ստայկիում անցկացված հավաքի նախավերջին օրը նա ցավացրեց ձախ կողոսկրը։ Որոշ ժամանակ անց ասաց, որ այլեւս ցավեր չունի, ոչինչ չի խանգարում իրեն, ամեն ինչ կարգին է։ Երեկ նա 6 գոտեմարտ անցկացրեց եւ մկանների գերլարվածության եւ ծանրաբեռնվածության հետեւանքով ցավը նորից գլուխ բարձրացրեց։ Ըմբիշների մոտ այդ կողերի ցավերը միշտ լինում են։ Անտանելի ցավեր են, շնչառությանն է խանգարում։ Այս պահին հանգիստ վիճակ է Արթուրի մոտ, նա շատ է ցանկանում մասնակցել։ Գորգ դուրս գալուց առաջ եւս մեկ բուժզննում կանցնի եւ այդ ժամանակ հստակ պարզ կլինի մասնակցում է, թե ոչ»,- ասաց Էդուարդ Սահակյանը։

Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանն էլ նշեց, որ օլիմպիական չեմպիոնի հետ ամեն ինչ նորմալ է։

«Եթե Արթուրը դուրս գա գորգ, չեմպիոնի կոչումով կիջնի գորգից։ Բայց նրա հետ ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունեցել, Արթուր Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք չի ստացել։ Ամեն ինչ նորմալ է։ Քիչ անց վերջնական պարզ կլինի՝ կկարողանա այսպես մասնակցել, թե ոչ»,- նշեց Սամվել Գեւորգյանը։

Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։