«Ռոման» Մխիթարյանի նորամուտի խաղում հաղթեց 4։2 հաշվով (ֆոտո)

21:56   15 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։ «Ռոման» չորս գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում։ Հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն, կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

22-րդ րոպեին աչքի ընկավ մայրաքաղաքային թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նորամուտը նշեց «Ռոմայում» եւ Իտալիայի առաջնությունում։ Նա դարձավ առաջին հայաստանցին Իտալիայի առաջնությունում։

Ընդմիջումից առաջ էլ «Ռոմայի» առավելությունը 4։0 դարձրեց հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան խփել երկու գոլ իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդիի դուբլի շնորհիվ։ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 5 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Սասուոլոն» 13-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 4։2 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 12, Էդին Ջեկո, 19, Հենրիխ Մխիթարյան, 22, Ջասթին Կլույվերտ, 33 - Դոմենիկո Բերարդի, 53, 72



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.