Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները Իտալիայից կրած պարտությունից հետո

23:35   5 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանել են Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։

«Շատ դժվար խաղ էր: Ագրեսիվ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք: Կարող էինք ավելի հաջող հանդես գալ, եթե չլիներ կարմիր քարտը: Կարծում եմ, որ մրցավարը շտապում էր դեղին քարտեր բաժանելու հարցում` հատկապես մեր ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ մրցավարը կողմնակալություն դրսևորեց` հոգուտ իտալացիների: Գուցե, կարմիր քարտը մեզ ավելի մոտիվացրեց, որպեսզի կարողանանք գոնե ոչ ոքին պահել: Նույնիսկ 10 հոգով պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք օգտագործել: Շատ շնորհակալություն երկրպագուներին` հիանալի աջակցության համար: Այսօր նրանք լավագույնն էին խաղադաշտում»,- նշեց Գեւորգ Ղազարյանը:

«50 րոպե 10 ֆուտբոլիստներով անցկացնելը շատ դժվար է: Մենք առավելապես պաշտպանվում էինք: Արեցինք այն, ինչ կարողացանք: Զգացվում էր Իտալիայի հավաքականի բարձր խաղամակարդակը: Դժվար է ասել, թե ինչպես կընթանար խաղը, եթե չլիներ կարմիր քարտը: Մենք ամբողջությամբ նվիրվեցինք խաղին»,- նշեց դարպասապահ Արամ Հայրապետյանը:

«Շատ լավ սկսեցինք հանդիպումը, սակայն առաջին խաղակեսի վերջանամասում, ամենակարևոր պահին Ալեքսանդր Կարապետյանը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո մի փոքր դժվար էր, բայց տղաները պայքարեցին մինչև վերջ:

Բարդ հարվածներ էին գոլերը դարպասապահի համար: Թիմն էլ 10 ֆուտբոլիստով էր։ Երրորդ գոլի ժամանակ բախտը չբերեց, փորձեց հեռացնել, բայց գնդակը հայտնվեց դարպասում»,- մեկնաբանեց խաղը հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

«Կարմիր քարտը մեծապես ազդեց խաղի ելքի վրա: 10 ֆուտբոլիստներով ուժեղ մրցակցի դեմ խաղում կրկնակի էներգիա ծախսեցինք: Պայքարեցինք մինչև վերջ: Գիտեինք, որ Իտալիան հզոր հավաքական է, խաղում է կարճ, միջին և թիկունք ուղղված փոխանցումներով: Մրցակիցը օգտվեց մեր սխալներից: Ոգևորում էինք իրար, նշում էինք, որ պետք է մինչև վերջ պայքարենք: Ոչ մեկին պետք չէ մեղադրել այս պարտության մեջ»,- մեկնաբանեց Կամո Հովհաննիսյանը:

«Կարծում եմ, գոնե մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Չեմ կարող ասել, որ կարմիր քարտը խաղը փոխեց, քանի որ նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարող էինք հաղթանակ կորզել:

10 ֆուտբոլիստներով Իտալիայի նման հավաքականի դեմ պաշտպանվելը դժվար է: Մրցակիցը ճնշում էր գործադրում երկրորդ խաղակեսում և, ի վերջո, կարողացավ օգտագործել թվային առավելությունը»,- ասաց Վարազդատ Հարոյանը։

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընտրական խաղում կընդունի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

Սամվել Սուքիասյան, Աստղիկ Ադամյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։