Օգսեն Միրզոյան․ Եթե չլիներ Արսեն Գալոյանը, գուցե, ես օլիմպիական չեմպիոն չդառնայի

10:41   4 սեպտեմբերի, 2019

Եթե չլիներ Արսեն Գալոյանը, գուցե ես օլիմպիական չեմպիոն չդառնայի, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը՝ խոսելով 92 տարեկանում մահացած ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախկին անդամ Արսեն Գալոյանի մասին։

Վաստակաշատ մարզիչը կյանքի միջեւ վերջին օրերն աշխատել է Օգսեն Միրզոյանի ղեկավարած Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես ուսումնական գծով տեղակալ:

«Արսեն Գալոյանը Հայաստանի ծանրամարտի թիվ մեկ հիմնադիրն է եղել: Յուրի Վարդանյանը, ես, ներկայիս ծանրորդները, բոլորս նրա սաներն ենք եղել: Նա բոլորիս հաջողություններում իր ներդրումն է ունեցել:

Հայկական ծանրամարտում նրա դերն իսկապես շատ մեծ էր: Չկա Հայաստանում մեկը, որ չճանաչեր եւ չհարգեր նրան: Ցավոք՝ այսօր նա արդեն մեզ հետ չէ: Մինչեւ վերջ ոտքի վրա էր, աշխատում էր, բազմաթիվ աշակերտներ ուներ: Նա մեր մարզադպրոցում էր աշխատում, ուսումնական գծով տեղակալն էր:

Երբ ես սկսել եմ զբաղվել ծանրամարտով, նա Հայաստանի ծանրամարտի պետական մարզիչն էր: Բոլոր միջազգային մրցաշարերին, Հայաստանի առաջնություններում միասին ենք եղել, անգամ 1988թ․ Սեուլի Օլիմպիական խաղերին միասին ենք գնացել: Միշտ շատ ուշադիր էր իմ նկատմամբ, ինչի համար նրանից շնորհակալ եմ:

Եթե նա չլիներ, գուցե ես օլիմպիական չեմպիոն չլինեի: Նրա դերն իմ մարզական կարիերայում շատ մեծ է եղել: Ես քաշ գցող մարզիկ էի, անգամ ցերեկները թույլ չէր տալիս քնեի, որպեսզի հանկարծ քաշս չավելացնեի:

Ընկեր Արսենը միշտ հավատում էր իմ ուժերին, վստահում էր ինձ: Եթե Խորհրդային Միության մարզիչներն իմ ձախողումների դեպքում պատերի տակ բամբասում էին, նա ինձ աջակցում էր, ոգեւորող խոսքեր ասում եւ հավատում, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է:

Ինձ համար նրա կորուստը շատ ծանր է, քանի որ մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել: Հիշում եմ՝ հենց առաջին օրվանից ես նրա ուշադրության կենտրոնում էի որպես մարզիկ: Իմ եւ նրա հարաբերությունները եղել են ոչ թե մարզչական, այլ ծնողական: Մինչեւ վերջին տարիները նա Հայաստանի առաջնություններին որպես գլխավոր մրցավար էր հանդես գալիս, առավոտյան 9-ից երեկոյան 7-8-ը աշխատում էր եւ չէր հոգնում: Նրա մասին շատ երկար կարելի է խոսել: Այսօր արդեն մարզադահլիճում նրա բացակայությունը զգացի: Խնդրել եմ մարզադպրոցում նրա սենյակում ոչնչի ձեռք չտալ, մինչեւ կհամակերպվենք նրա կորստի մտքի հետ»,- ասաց Օգսեն Միրզոյանը:

Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, 18։00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։