Էդուարդ Սահակյան․ Մեծ պատասխանատվություն է աշխարհի առաջնությունից առաջ գլխավորել հավաքականը (ֆոտոշարք)

14:05   3 սեպտեմբերի, 2019

Մեծ պատասխանատվություն է աշխարհի առաջնությունից առաջ գլխավորել հավաքականը, բայց ես միայնակ չեմ, ինձ հետ են նաեւ Սամվել Գեւորգյանն ու Գեւորգ Ալեքսանյանը: Կարծում եմ, մենք կկարողանանք այս պատասխանատվությունը երեքով պատվով կրել եւ հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը:

Այս օրերին հունառոմեական ըմբիշները վերջին մարզումներն են անցկացնում «Օլիմպավանում» սեպտեմբերի 14-23ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ:

Էդուարդ Սահակյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց աշխարհի առաջնության կազմը․ Նորայր Հախոյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)։

«Թիմը լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնությանը: Ուժեղ կազմով ենք մեկնում առաջնության: Տղաներից յուրաքանչյուրն էլ նորմալ մարզավիճակ ունի, պատրաստ ենք Նուրսուլթանում պայքարել աշխարհի առաջնության մեդալների եւ օլիմպիական ուղեգրերի համար: Բայց թե ինչ արդյունքներով եւ ինչ վարկանիշներով կվերադառնանք, նախապես ոչինչ ասել չեմ կարող:

Բոլորիս համար այս աշխարհի առաջնությունը շատ կարեւոր է, քանի որ վարկանիշային է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար: Բայց տղաների մոտ լարվածության մթնոլորտ չկա օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու համար, կա միայն պատասխանատվության կրկնակի զգացողություն. Բոլորն էլ ցանկանում են լավ մասնակցել, պարտադիր վարկանիշներ ունենալ:

Տղաների տրամադրությունը լավ է, մարտական: Կազմը որոշելիս որեւէ քաշային կարգում վիճարկելի որոշում չի եղել; Բոլոր քաշերում մասնակցում են ուժեղները: Աշխարհի առաջնությունում վարկանիշային են առաջինից 6-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի 82 կգ քաշային կարգում, բայց այդ քաշը վարկանիշային չէ: Ոչ օլիմպիական են նաեւ 55, 63, 72, 82 կգ քաշային կարգերը: Մարզումներն ու մրցումները ցույց տվեցին, որ Մաքսիմ Մանուկյանն այս պահին աշխարհի առաջնության համար պատրաստ է 82 կգ քաշային կարգում, իսկ Արթուր Շահինյանը՝87 կգ:

Ես ամբողջ կյանքս սպորտի մեջ եմ եղել եւ համարում եմ, որ այս պահն էլ իմ գործընկերներ Սամվել Գեւորգյանի, Գեւորգ Ալեքսանյանի հետ կկարողանանք հաջողությամբ ավարտին հասցնել մինչեւ վերջ:

Ֆեդերացիայի կողմից աշխարհի առաջնությում իմ առջեւ որեւէ խնդիր դրված չէ: Ես ինքս եւ մեր ամբողջ թիմի առջեւ խնդիր եմ դրել մասնակցել գերազանց»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հունահռոմեական ըմբիշների պայքարն աշխարհի առաջնությունում տեղի կունենա սեպտեմբերի 14-17-ը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։