09:41 3 սեպտեմբերի, 2019Ֆիզկուլտ ինստիտուտում կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ կլինեն։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, որը սեպտեմբերի 2-ին Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Պարոն Խիթարյան, շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար առաջրվեցիք Դուք:
Երկար տարիներ աշխատելով Ֆրանսիական համալսարանում, հասցրել եմ ծանոթանալ անդրազգային կրթական ծրագրին: Ավելին՝ շատ մոտից եմ ծանոթ, գտնվում եմ հենց այդ համակարգի մեջ: Աշխատանքային տարիների ընթացքում, շփվելով բուհական համակարգի հետ, զգում էի, որ կարիք կար փոփոխությունների: Ինքս երբեք չեմ եղել թաքնված խաղացող. երբ լսեցի արդեն նախկին ռեկտոր Վահրամ Առաքելյանի հրաժարականի մասին, հնարավորություն ունեցա իմ տեսակետները հայտնել նախարարությունում ինստիտուտի, կրթական համակարգում փոփոխությունների, հայկական սպորտի զարգացման վերաբերյալ:
Ի՞նչ փոփոխությոնների մասին է խոսքը:
Ինձ համար հայկական սպորտն ու ինստիտուտը շաղկապված են: Նախկինում աշխատողները, դասախոսները պարծենում էին, որ ինստիտուտում սովորում են բարձրակարգ մարզիկներ: Ինձ համար սա պարծենալու բան չէ, որովհետեւ այդ նույն բարձրակարգ մարզիկները հետո չեն դառնում բարձրակարգ մարզիչներ: Եթե դառնային, այդ ժամանակ նոր բուհի աշխատողների պարծենալն ինձ համար արդարացված կլիներ: Շատ լավ է, որ բարձրակարգ մարզիկները սովորում են այս բուհում, բայց արդյո՞ք այդ մարզիկները ստանում են որակյալ կրթություն հետագայում որակյալ մարզիչներ դառնալու համար: Ինձ համար սա խնդիրներից մեկն է:
Իմ այս տեսակետները, մոտեցումները նախարարությունում ներկայացնելուց հետո տեղեկացա, որ հոգաբարձուների խորհրդի անդամների, մասնավորապես լիազոր մարմնի կողմից ինձ հրավիրել են հանձնաժողովի անդամների հետ հանդիպման:
Այդ հանդիպումից մեկ շաբաթ անց հանձնաժողովն առաջադրեց իմ թեկնածությունը ռեկտորի թափուր պաշտոնում:
Իսկ ե՞րբ տեղեկացաք, որ առաջդրվում եք որպես թեկնածու:
Ընտրվելուց երեք օր առաջ ես հանդիպեցի հիմնադիր եւ լիազոր մարմնի կողմից հաստատված հոգաբարձուների մարմնի անդամների հետ, նրանք ինձ ասացին, որ բոլորով միահամուռ կանգնել են իմ թեկնածության վրա: Սրա մասին ես իմացել եմ ընդամենը 3 օր առաջ, եւ ինձ համար դա հաճելի անակնկալ էր:
Ցավով ուզում եմ նշել, որ իմ այս ու բազմաթիվ այլ տեսակետներ ցանկացել եմ հայտնել ինստիտուտի կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բայց շատերն ուղղակի չեն համարձակվել ինձ հետ հանդիպել: Ես իրենց չէի կանչում ասելու ինձ քվեարկեք, այլ ասում էի՝ լսեք ինձ, իմ տեսակետները: Դասախոսները խուսափել են ինձ հետ հանդիպելուց տարբեր պատճառաբանություններով: Օրինակ՝ երբ տեղեկացա, որ առաջադրվում եմ, զանգահարեցի մի քանի դասախոսի եւ առաջարկեցի միասին քննարկել, լսել տեսակետներ կրթական համակարգում փոփոխությունների վերաբերյալ: Նրանք հանդիպման չեկան տարբեր պատճառաբանություններով։
Սա մանկամիտ, ճորտատիրական հոգեբանություն է, ճորտատիրական մտածելակերպ եւ այսպիսի մտածելակերպ ունեցող մարդիկ չեն կարող ուսանողներ պատրաստել: Մեր երկիրը գնում է փոփոխությունների, ազատ մտքի արտահայտման եւ մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով: Միանշանակ իմ կողմից բուհում ոչ մի կարծիքի սահմանափակում, ոչ մի ճնշումներ այլ կարծիքների նկատմամբ չի լինելու: Բայց լինելու են շատ չոր ու կոպիտ պատասխաններ նրանց, ովքեր օրենքի խախտումներով կամ այլ ճանապարհներով կփորձեն ինչ-որ հարցեր լուծել:
Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ ռեկտորից՝ Վահրամ Առաքելյանից:
Այս ինստիտուտին ես ամբողջությամբ տիրապետում եմ: Չկա ոլորտ ու բաժին, որ ես չտիրապետեմ: Դասախոսների մի մասը նաեւ իմ դասախոսներն են եղել: Կրթական առումով վատ ժանագություն չեմ ստացել: Շուրջ երեք տարի այստեղ եղել եմ մագիստրատուրայի հանձնաժողովի նախագահը: Եվ այդ ընթացքում ինձ համար բացահայտել եմ, որ շատ առողջ բջիջներ, ուսանողներ ունենք, որոնք մեծ ցանկություն ունեն կրթության ոլորտում կատարելագործվելու: Նրանց համար հարկավոր է միայն հնարավորությունների դաշտ բացել, նրանք պետք է հնարավորություն ունենան միջազգային կրթական ծրագրերին ծանոթանալ, փորձի փախանակում լինի: Այս ամենը հաշվի առնելով, մեծ ուշադրություն է դարձվելու ասպիրանտական ծրագրերին: Այն ուսանողները, որոնք ցանկություն են հայտնում կրթության ոլորտում շարունակել իրենց գործունեությունը, նրանց համար կտրվեն հնարավորություններ:
Ինչ վերաբերում է ֆինանսական, տնտեսական ժառանգությանը, առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Չեմ կարող ասել՝ ինչ ունենք եւ ինչ չունենք այժմ, բայց, անելիքներ շատ կունենանք:
Կարեւոր խնդիրներից մեկն է լինելու ինստիտուտի մարզադահլիճների թողունակությունն ապահովելը: Ինստիտուտի մարզադահլիճները գրեթե դատարկ են եւ որեւ հավաքական, թիմեր, խմբեր չեն մարզվում այդ դահլիճներում:
Երբ ես ձյուդոյի հավաքականի մարզիչն էի, մենք մարզվում էինք այս ինստիտուտի դահլիճում: Մեր մասնագիտության դասին մարզադահլիճում ասեղ գցելու տեղ չկար: 2004 թվականին, երբ Արմեն Նազարյանն առաջին անգամ պատրաստվում էր Օլիմպիական խաղերին, մարզումների ժամերին եւ դահլիճից ուսանողներին հանում էի, որովհետեւ տեղ չէր լինում, շատ ուսանող էր գալիս մարզմանը հետեւելու: Հիմա բոլոր մարզադահլիճները պարապուրդի են մատնված, եւ իմ խնդիրներից մեկը մարզադահլիճների աշխատանքը նորից վերականգնելն է: Այստեղ պետք է աշխատեն նաեւ մանկապատանեկան խմբեր:
Ո՞րն է լինելու ինստիտուտի հիմնական խնդիրը Ձեր ղեկավարության օրոք:
Հայաստանում սպորտի ապագան տեսնում եմ ակումբային համակարգի զարգացումով, այլ ոչ թե մանկապատենական, պետական դպրոցների վերանորոգումով կամ կահավորումով: Դա չինովնիկական, սովետական մնացորդային համակարգ է, որից որքան շուտ ազատվենք, այնքան լավ: Պետք է գտնենք ճանապարհներ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով ազատականացնենք սպորտը, որպեսզի զարգանան մասնավոր ակումբները: Հենց սրանք են իմ տեսակետները, որոնք ես ներկայացրել եմ նախարարությանը: Ծրագրային առումով ինստիտուտը պետք է լինի առաջատարը, այլ ոչ թե պասիվ դիտորդի դերում:
Իսկ կադրային փոփոխություններ կլինե՞ն:
Փոփոխություններ կլինեն, բայց հաստատ միանգամից ամբողջ դասախոսական կազմը չի փոխվի: Կադրային փոփոխություններն էլ կլինեն, եթե մասնագետների, դասախոսների որակավորումը չհամապատասխանի այն ծրագրերին, որոնք ես ցանկանում եմ իրականացնել: Ես ինքս պատրաստ եմ աշխատել այս թիմի հետ։ Իրենք պատրաստակամ են, թե ոչ՝ կերեւա ընթացքում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.