Կարապետ Չալյան․ Լեւոն Ջուլֆալակյանի դեմ դավադրություն չի եղել, պայքարել ենք անարդարության դեմ

10:20   1 սեպտեմբերի, 2019

Որեւէ կազմակերպված դավադրություն Լեւոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել: Ես եւ ամբողջ թիմը չենք ցանկացել գլխավոր մարզիչի հրաժարականը: Մենք պայքարել ենք միայն անարդարության դեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն,  երկրորդ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը:

Լեւոն Ջուլֆալակյանը օգոստոսի 27-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից տված հրաժարականի հիմնական պատճառը հայտարարեց 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյան - Կարապետ Չալյան դիմակայութունը եւ աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը:

Կարապետ, Լեւոն Ջուլֆալակյանն իր հրաժարականը պատճառաբանեց քո եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ առկա դիմակայությամբ: Ինչո՞ւ մեղադրանքների մեծ մասնն ուղղվեց դեպի քեզ:

Մենք թիմով դեմք չենք եղել Լեւոն Ջուլֆալակյանին, այլ դեմ ենք եղել իր որոշմանը կոնկրետ Վարշավայի մրցաշարի կազմի առնչությամբ: Երկու մրցաշար ունեինք աշխարհի առաջնությունից առաջ՝ Վարշավայում եւ Թբիլիսիում: Երկու մրցաշարերի կազմերում էլ ես հայտավորված չէի: Իմ եւ ամբողջ թիմի պայքարը եղել է այն, որ մրցաշարերից մեկում գլխավոր մարզիչը հայտավորեր նաեւ ինձ, մասնավորապես, Լեհաստանի մրցաշարում, որտեղ մասնակցելու էր նաեւ Արսեն Ջուլֆալակյանը, որպեսզի Արսենի հետ հավասար պայքարեինք աշխարհի ուղեգրի համար: Այն, որ Լեւոն Ջուլֆալակյանն ասում է՝ իր նկատմամբ կազմակերպված դավադրություն է եղել, նման բան չկա, որեւէ նախապես կազմակերպված քայլ գլխավոր մարզիչի հանդեպ չի եղել եւ որեւէ մեկը նրա հրաժարականը չի ցանկացել: Այլ զուտ ուզել ենք ամեն ինչ արդար լինի եւ արդար պայքարում որոշվի, թե ով է Աստանայում ներկայացնելու 77 կգ քաշային կարգը: Մենք միայն անարդարության դեմ ենք պայքարել:

Լեւոն Ջուլֆալակյանն իր խոսքում նշեց, որ աշխարհի առաջնության հնարավորություն ստանում է այն մարզիկը, որն արդյունք է արել Եվրոպայի առաջնությունում: Ինչպե՞ս որոշվեց, որ Եվրոպական խաղերին դու պետք է մասնակցես, իսկ Եվրոպայի առաջնությունում՝ Արսենը:  

2019-ի Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեի ես: Այդպես էր նախապես որոշված: Ես լուրջ վնասվածք ստացա, տեղս Արսեն Ջուլֆալակյանը գնաց եւ բրոնզե մեդալ նվաճեց: Ես իմ կամքով եմ հրաժարվել Եվրոպայի առաջնությունից, ասել եմ՝ չեմ կարող մասնակցել: Ես կարող էի ոտքս կապել, գնալ մասնակցել գալ ու հայտարարեի, որ ես եմ Եվրոպայի առաջնության մասնակցել:

Հայտարարում են, որ մեծահոգություն են արել, հնարավորություն են տվել, որ ես մասնակցեմ Եվրոպական խաղերին: Ի՞նչ մեծահոգության մասին է խոսքը... Չէի ցանկանա այս պատմությունը բարձրաձայնել, բայց եթե նրանք այդպես են արտահայտվում, թե ինձ մեծահոգություն են արել՝ Եվրոպական խաղերը զիջելով, պատմեմ թե ինչ է տեղի ունեցել իրականում: Սկսեմ Հայաստանի առաջնությունից. Արսեն Ջուլֆալակյանը եկավ, բայց չմասնակցեց առաջնությանը: Ես դարձա Հայաստանի չեմպիոն: 15 օր հետո Ֆրանսիայի միջազգային մրցաշար մեկնեց թիմը Հայաստանի չեմպիոններով, բացի ինձանից: Իմ քաշում մասնակցեց Արսեն Ջուլֆալակյանը, որը Հայաստանի չեմպիոն չէր եւ չէր մասնակցել առաջնությանը: Կուզեի Լեւոն Ջուլֆալակյանին այդ հարցն ուղղվեր, թե ինչու փետրվարին Ֆրանսիայի մրցաշարին ես չմասնակցեցի, իմ փոխարեն Արսենը մեկնեց: Ինձ տարան ուրիշ մրցաշարի՝ թիմից առանձին: Դրանից հետո ես պատրասվում էի Եվրոպայի առաջնությանը, ծնկի լուրջ վնասվածք ստացա: Արսենը եկավ եւ ինձ ասաց՝ «Ինձ դրել են Եվրոպական խաղեր: Եթե ի վիճակի չես մասնակցել Եվրոպային, արի տեղերով փոխվենք՝ ես Եվրոպայի առաջնության մասնակցեմ, դու՝ Եվրոպական խաղեր»: Ես էլ համաձայնեցի, քանի որ լուրջ էր վնասվածքս. մինչեւ Եվրոպական խաղեր նոր կվերականգնվեի: Անցնում է երկու ամիս, ես այդ ընթացքում վնասվածքիմ եմ ապաքինվում, տեղեկացա, որ Եվրոպական խաղերին ինձ չեն ցանկանում տանել, այլ երիտասարդներից մի ըմբիշի՝ Վահեին: Ինձ անհանգստացրեց այն փաստը, որ ես ունեմ նախնական համաձայնություն եւ հավաքականի մարզիչը պետք է ինձ տեղեկացնի իր որոշման մասին: Հանդիպում եմ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, նա ինձ ասում է՝ «Կարո ջան, չի լինի, արդեն երիտասարդ ըմբիշի տոմսը գնված է: Երկու տոմս է փչացել ոտքիդ պատճառով, երրորդն էլ չփչանա»: Հետագայում ֆեդերացիան դասավորում է իմ թղթերը եւ ինձ համար են գնում Միսնկի տոմսեր, որպեսզի ես մեկնեմ Եվրոպական խաղեր: Խաղերի նախապատրաստական փուլի վերջին հավաքի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանն ինձ կանչում է սենյակ եւ ասում. «Կարո ջան, աշխարհի առաջնության հույս դու չունես: Չես կարող մասնակցել աշխարհին: Իսկ այս Եվրոպական խաղերն էլ Արսենը պետք է մասնակցեր: Դու որ ասեցիր, դու ես ուզում մասնակցես, դրա համար քեզ ենք տալիս հնարավորությունը»:

Բայց Եվրոպական խաղերի ցուցակում Արսեն Ջուլֆալակյանի անունը չի եղել: Երիտասարդ ըմբիշի՝ Վահեի անունն է եղել ֆեդերացիայում գրանցված, նրա անունով է գնված է եղել Մինսկի տոմսը:

Մեր այդ առանձնազրույցում Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ հայտարարեց, որ եթե նույնիսկ ես չեմպիոն դառնամ Եվրոպական խաղերում, միեւնույն է, Հայաստան վերադառնալուց հետո աշխարհի առաջնության պայքար չպետք է տանեմ: Նա ասաց՝ «Եթե տարա Մինսկ, չեմպիոն դարձար ու եկար աշխարհի համար պայքարեցիր, ուրեմն հիմա քեզ Եվրոպական խաղեր չեմ տանում, Արսենին կամ Վահեին կտանեմ»:

Բառացիորեն իմ դեմը պայման դրեցին, ես էլ այլ տարբերակ չունեի, համաձայնվել եմ: Հիմա եկել հայտարարում են, թե ինձ լավություն են արել, մեծահոգություն են արել, որ զիջել են, գնացել եմ Եվրոպական խաղեր:

Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ դու վերջին երկու տարիներին առանց մեդալի ես վերադարձել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից: Հենց այդ պատճառով քեզ հնարավորություն չի տրվում պայքարել 2019-ի ԱԱ-ում:

Իրենք խոսեցին միայն իմ պարտություններից, ես էլ կխոսեմ Արսենի պարտություններից. 2014 թվականից այս կողմ Արսեն Ջուլֆալակյանը ոչ մի մեդալ չունի, 2015 թվականին պարտություն, 2016-ին պարտություն, դրանից հետո 3 անգամ ես եմ հաղթել միջազգային մրցաշարերում, նա պարտվել է: Պարտվել է Վրաստանի մրցաշարում, ակումբային աշխարհի առաջնությանն է մասնակցել, մեկ օրում 3 գոտեմարտ է անցկացրել, 3-ում էլ պարտվել է այն ըմբիշներին, որոնց ես հաղթել եմ Եվրոպական խաղերում:

Լեւոն Ջուլֆալակյանն ասում է, թե Եվրոպական խաղերում հեշտ մրցակիցների եմ հաղթել, քանի որ ուժեղ ըմբիշները չէին մասնակցում: Մինսկում մասնակցել է աշխարհի գործող չեմպիոնը, փոխչեմպիոնը, որին ես հաղթել եմ: Իսկ եզրափակիչում անարդար մրցավարության հետեւանքով պարտվեցի: Իսկ Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է այդ երկու ըմբիշներին:

Անդրադառնանք նաեւ քո եւ Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտերին: Լեւոն Ջուլֆալակյանի մեկնաբանությամբ՝ ձեր ունեցած 4 գոտեմարտերում դու հաղթել ես միայն մեկում, մնացած 3-ում ուղղակի կորզել ես հաղթանակներն Արսենից:

Իրենք հայտարարում են, որ մեր գոտեմարտերից մի քանիսում Արսենն ինձ պարտվել է անարդար մրցավարության արդյունքում: Ուզում եմ հարցնել՝ ըմբշամարտում հնարավո՞ր է գոտեմարտի 29-րդ վայրկյանում մրցավարները պարտեր դրություն նշանակեն այն ըմբիշին, որին այսպես ասած՝ «սատարում են»: Այսինքն, եթե գորգի մրցավարը կողմնակալ է Արսենի նկատմամբ մեր գոտեմարտի ժամանակ, կարո՞ղ է ինձ 29-րդ վայրկյանում պարտեր դնել: Ու բողոքում են, թե մրցավարներն իմ կողմից են եղել, կողմնակալ են դատել:

Մեր վերջին Ստայկիի գոտեմարտում 29-րդ վայրկյանում մրցավարն ինձ դրեց պարտեր: Մրցավարը բելառուս էր, չգիտեմ՝ ով էր: 4 գոտեմարտ ենք ունեցել, 4-ն էլ ես եմ հաղթել: Ես պատրաստ եմ 5-րդ գոտեմարտն էլ անցկացնել եւ հաղթել: Դա չի նշանակում՝ մենք միասին ենք մարզվել, ես Արսենի թույլ կողմերը գիտեմ, ինքն իմը՝ ոչ:

Ամեն դեպքում Լեւոն Ջուլֆալակյանն ինչո՞ւ հրաժարական տվեց:

Մեր պայքարն անարդարության դեմ սկսվեց Վարշավայի մրցումից, երբ բոլորս դիմեցինք ընկեր Ջուլֆալակյանին, որ ես էլ Արսենի հետ գնամ Վարշավա: Ջուլֆալակյանը ժողով արեց եւ հայտարարեց՝ «Վերեւից էլ Աստված իջնի, քեզ մրցաշար չեմ տանի: Եթե իմ որոշումը փոխվեց, ուրեմն ես հրաժարական կտամ»: Մենք տղաներով ասացինք, եթե հարցը հասնում է հրաժարականի, ուրեմն ես հրաժարվում եմ Վարշավայի մրցաշարից, որպեսզի գլխավոր մարզիչը հրաժարական չտա: Մրցումից հետո Արսենը թող օր ու ժամ ասի, իր ուզած մրցավարներին բերի, մենք գոտեմարտ անցկացնենք, հավասար պայքարենք, ով ուժեղ կգտնվի, թող նա էլ գնա աշխարհի առաջնություն: Իրենք չհամաձայնվեցին: Հիմա սա ի՞նչ է նշանակում, մենք Լեւոն Ջուլֆալակյանի դեմ ենք պայքարե՞լ, թե՞ անարդարության:

Ամեն ինչ կարող էր լինել այլ ձեւ. եթե կողմնապահություն չարվեր գլխավոր մարզիչի կողմից, նա պետք է երկուսիս էլ մրցաշարերի տաներ, որ մեկս բարձր արդյունք կաներ, նա էլ կգնար աշխարհ: Արսենը չմասնակցեց Վարշավայի մրցաշարին, Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց, դրանից հետո ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Ստայկիի մեր գոտեմարտը:

Թիմում պառակտում չի եղել ու չկա: Եղել է 25 հոգի, որից 23-ը եղել է արդարության կողմը, մյուս երկուսն էլ իրենք են: Արսեն Ջուլֆալակյանն իր հարցազրույցում նշել է, որ թիմի տղաներից մի մասն արդեն եկել, ներողություն են խնդրել: Սուտ է, նման բան չկա, կարող եք բոլորից հարցնել. Ես թիմի անունից եմ խոսում: Ասում է, որ հոր հրաժարականից հետո անիմաստ ժամանակի կորուստ է համարում թիմի մյուս մարզիչների եւ թիմի հետ մարզվելը: 20 տարիների ընթացքում, որ մարզվել է նույն մարզիչների հետ, ժամանակի կորուստ չի եղե՞լ, փաստորեն: Իսկ հիմա Լեւոն Ջուլֆալակյանը, որ հրաժարական է տվել, ուրեմն մյուս մարզիչներն արժանի մասնագետնե՞ր չեն:

Թիմում մենք ունենք վաստակավոր մարզիչներ, որոնք շատ մեծ օգուտ են տվել հավաքականին իրենց փորձով, աշխատանքով: 20 տարվա ընթացքում 71 մեդալները միայն Լեւոն Ջուլֆալակյանի անձնական աշխատանքի արդյունքը չէ. թիմի, մարզիչների, ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի շնորհիվ է եղել: Ու առանձնահատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ 71 մեդալ բերող մարզիկներն առանձին իրենց անձնական մարզիչներն են ունեցել. պետք չէ որեւէ մեկին արհամարհել: 

Արսեն Ջուլֆալակյանն ասել է, թե թիմում չկա մեկը, որը կարողանա իր արած քայլերի համար պատասխան տալ: Ես նորից խոսում եմ թիմի անունից. թիմում չկա մեկը, որ իր արած քայլերի համար հիմնավոր պատասխան չտա, քանի որ ամբողջ թիմն արդարության համար է պայքարել:

Կարապետ, մեղավորության զգացողություն ունե՞ս:

Ինձ մեղավոր չեմ զգում, որովհետեւ բոլորն էլ տեսան, որ արդարությունը հաղթեց: Մենք որեւէ խնդիր չենք ունեցել գլխավոր մարզիչի հետ, որեւէ մեկն աչք չի ունեցել Լեւոն Ջուլֆալակյանի պաշտոնին: Թիմն ամեն ինչ արել է, որպեսզի նա հրաժարական չտա, սա եղել է զուտ արդարության պայքար: Ինչո՞ւ պետք է չպայքարեմ աշխարհի առաջնության ուղեգրի համար: Դա իմ ապագայի հարցն է, իմ երազանքն է՝ մասնակցել Օլիմպիական խաղերին, ինչպես յուրաքանչյուր մարզիկինը: Ցանկությունս եղել է միայն այն, որ արդար ընտրություն կատարվի, ով ուժեղ է նրան տրվի հնարավորությունը: Իմ հետ համակարծիք է եղել ամբողջ թիմը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։