Լեւոն Ջուլֆալակյան․ Կազմակերպվել է դավադրություն

14:19   27 օգոստոսի, 2019

Հավաքականից նեղացած չեմ, մի քանի անշնորհակալ անձանցով պայմանավորված հեռանում եմ հավաքականից բավարարված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Պահը հասունացել է, ոչինչ պատահական չի լինում. այո ես հրաժարական եմ տալիս: Տալիս եմ բազմաթիվ պատճառներով: Հավաքականում վերջին ամիսների ընթացքում առակ են տարաձայնություններ։ Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, մարզումների պլանները կազմվեն իրենց ցանկությունով, մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ, թե ովքեր պետք է մրցումներին մասնակցեն: Պարզ ասած նախապես կազմակերպվել է դավադրություն: Ինչն է պատճառն, ինձ համար եւ հասկանալի է, եւ անհասանակալի: Եթե մարզիկները կիսվում են երկու բեւեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը: Եվ նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ նման բնավորություն ունեցող անձնավորությունը հստակ չի կարող:

Ես միշտ եղել եմ պահանջկոտ, միշտ պահպանել եմ կարրգուկանոն, միշտ ձգտել եմ հասնել լավագույն արդյունքների: Եթե կան հավաքականում մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ իրենք լիարժեք տիրապետում են մարզչական գործին, գիտեն՝ ինչպես պետք է պատրաստվեն, ինչպես պետք է ելույթ ունենան, նման պարագայում մարզիչի դերը վերանում է, եւ ես այլեւս չեմ կարող շարունակել իմ աշխատանքը: Իմ աշխատանքային տարիների ընթացքում բացարձակ խնդիրներ չեմ ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ ՀԱՕԿ-ի եւ ոչ էլ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Երեք ղեկավարների կողմից էլ հաճելի չէր իմ հրաժարականը, որեւէ մեկը կողմ չէր, բայց որոշումը ես եմ կայացրել եւ համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է: Ես արել այն, ինչ կարողացել եմ, տրվել եմ լիարժեք՝ եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, արել եմ այն, ինչ կարողացել եմ: Երեւի կան մարդիկ, որոնք ձգտում են զբաղեցնել իմ տեղը եւ պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, եւ այդ հիմքերի վրա շարունակել առաջիկա մի տարին, կարող են հեշտությամբ բարձր արդյունքներ գրանցել:

Որոշումս կայացրել եմ մեկ ամիս առաջ, հայտարարությունս տվել եմ 10 օր առաջ: Աշխարհի առաջնությունը մոտ է, բայց այս բոլոր երեւույթները կատարվել է մեկ ամիս առաջ: Ես այս պարագայում չեմ կարող աշխատել մի կազմի հետ, որի ներքին խոհանոցում ինչ-որ քայլեր է արվում իմ դեմ: Այս իրավիճակը սկսվել է մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-16-ին: Թիմը բաժանված էր երկու մասի, եւ այդ մթնոլորտն ինձ համար տհաճ էր: Մարզիկներն արտահայտվել են, որ ես անարդար եմ վերաբերվում, առանց որեւէ հիմնավորման: Եթե հիմնավորումներ տային, գուցե հասկանայի: Դժգոհություններ կան Մաքսիմ Մանուկյան-Արթուր Շահինյան եւ Կարապետ Չալյան-Արսեն Ջուլֆալակյան զույգերից ընտրության հարցում: Ես որպես մարզիչ, գնահատելով մարզիկների վերջին երկու տարիների արդյունքները, աշխարհի առաջնության համար հայտավորում եմ այն մարզիկներին, որոնք մեդալներ են նվաճել, արդյունքներ ունեն: Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում անհաջող է հանդես գալիս, Կարապետ Չալյանը վերջին երկու տարիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում անհաջող է հանդես եկել եւ արդյունք չի գրանցել: Բնական է, որ ես պետք է նշանակեմ մեդալ նվաճած մարզիկին»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Ազգային թիմը օգոստոսի 29-ից Երեւանի «Օլիմպավանում» կսկսի վերջին հավաքն ԱԱ-ին ընդառաջ, որն անցկացվելու է սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.