27-ամյակը նշած Վարազդատ Հարոյանի կարիերայի ամենահիշարժան դրվագները (ֆոտո, վիդեո)

09:09   25 օգոստոսի, 2019

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը օգոստոսի 24-ին նշել է ծննդյան 27-րդ տարեդարձը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստն առանձնացրել է կարիերայի ամենահիշարժան դրվագները։

Ամենահիշարժան հանդիպումը

Կառանձնացնեմ Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումնը։ Ընթացքում պարտվում էինք 0։2 հաշվով, բայց կարողացանք հասնել հաղթանակի՝ 3։2։

Ամենահիշարժան գոլը

Հայաստան - Չեռնոգորիա խաղում խփածս գոլը։ Անհավանական հույզեր էին։ Ղազարյանի հաղթական գոլի դրվագում էլ դարձա գոլային փոխանցման հեղինակ։

Ամենահիշարժան դրվագը

Ակումբային կարիերայումս բեկումնային դրվագ կարող եմ համարել անցած տարվա սեպտեմբերին «Ուրալում» «Ռոստովին» խփած գոլս։ Նախքան այդ ես չէի ստանում խաղաժամանակ, սակայն կարողացա աչքի ընկնել, անցկացնել լավ հանդիպում, որից հետո աստիճանաբար դարձյալ նվաճեցի տեղս մեկնարկային կազմում սուր մրցակցության պայմաններում։

Ամենաուժեղ մարզիչը, որի հետ աշխատել է

Չեմ կարող նշել մեկ մարզիչի։ Յուրաքանչյուրից էլ մի բան սովորում ես։ Նույնիսկ, ամեն մարզիչներից, որոնց օրոք մնացել եմ պահեստայինների թվում, ես կորզել եմ առավելագույնը՝ ավելի ուժեղ եմ դարձել հոգեբանորեն։

Վարազդատ Հարոյանի երազանքը

Ձգտում եմ երազանքներս վերածել նպատակների։ Անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնեմ կարիերայումս եւ լավագույն պայմանները ստեղծեմ ընտանիքիս համար։ Շատ կցանկանայի տեղափոխվել առաջատար եվրոպական առաջնություններից մեկը, նաեւ գնել երազանքիս ավտոմեքենան (ծիծաղում է)։

Գլխավոր նպատակը

Հայաստանի հավաքականի հետ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը։ Դրա համար մենք պետք է զարգացնենք մեր հաջողությունը, ինչը հնարավոր է սեփական ուժերին հավատալու շնորհիվ եւ հավատարիմ երկրպագուների աջակցությամբ։

Վարազդատ Հարոյանը մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության բոլոր հանդիպումներին (6):

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.