Արթուր Գեւորգյան․ Վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը

21:20   21 օգոստոսի, 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառումով մտահոգություն է հայտնել, որ վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը։

«Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի երիտասարդների առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ, որը փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝4 ոսկի,5 արծաթ եւ 8 բրոնզ։

Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել:

Իսկ եթե սա արշավ է իմ անձի դեմ, բայց չկա խիզախություն դրա մասին պարզ խոսելու, ապա մի բան կասեմ արդեն որպես նախկին մարզիկ:

Ուշքի էկեք: Մենք կգանք - կգնանք, մեզ կնշանակեն կամ կընտրվենք մի քանի տարով, բայց մարզիկի կյանքում, առանց այդ էլ կարճ կարիերայի պայմաններում, նման պահերը կլինեն անդառնալի»,- գրել է Արթուր Գեւորգյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։