Երեւանի «Լոկոմոտիվին» գրանցվեց տեխնիկական պարտություն, ակումբը տուգանվեց 2 միլիոն դրամ

19:41   20 օգոստոսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում անավարտ մնացած «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպման վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ընդունել է մի քանի որոշումներ։

«13/08/19թ. «Վան» - «Լոկոմոտիվ» խաղին («Լոկոմոտիվ» ակումբի նախագահի հրահանգով 90+4 րոպեին խաղը լքելու) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն`«Լոկոմոտիվ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2 միլիոն դրամ:

«Վան»-«Լոկոմոտիվ» խաղին «Լոկոմոտիվ» թիմի ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանի հեռացման (բռնարարք) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 32-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանին որակազրկել 4 խաղով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50 հազար դրամ

«Վան» - «Լոկոմոտիվ» խաղին «Լոկոմոտիվ» թիմի ադմինիստրատոր Միքայել Սաֆարյանի հեռացման (ագրեսիվ ձևով մրցավարի գործողությունների հետ չհամաձայնելու և անվայել պահվածքի համար) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 27-րդ կետի համաձայն` ադմինիստրատոր Միքայել Սաֆարյանի որակազրկել 5 խաղով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50 հազար դրամ

«Վան» - «Լոկոմոտիվ» խաղին «Վան» թիմի հեռացման (բռնարարքի) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 32-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Վարդան Սաֆարյանին որակազրկել 4 խաղով, «ՖԱ Վան ՀԿ»-ին տուգանել 50 հազար դրամ»։

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվը» խաղից հետո հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամմբ․

«Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով՝ խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։
Այդ լարվածությունը երկրորդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։

«Լոկոմոտիվի» ղեկավարությունն անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։

Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»։

Նիկիտա Անդրեեւի գոլի շնորհիվ «Վանն» առջեւում էր եղել՝ 1։0։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։