Փաշիկ Ալավերդյան․ Կազմն արդեն որոշված է, թիմը գրեթե պատրաստ է աշխարհի առաջնությանը

09:42   20 օգոստոսի, 2019

Եթե աշխարհի առաջնությունում կարողանանք շատ մեդալներ նվաճել, գուցե հնարավոր լինի օլիմպիական ուղեգրերի մասով ինչ-որ բան փոխել, տղաներին բաժին հասնող երկու ուղեգիրը դարձնել երեք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Թիմը պատրաստվում է սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջությանը։

Հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն որոշել է աշխարհի առաջնության մասնակիցներին:

«Աշխարհի առաջնությանը մոտենում ենք լավ մարզավիճակում: Կազմն արդեն որոշված է: 81 կգ քաշային կարգում հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային կարգում երկու ներկյացուցիչ կունենանք՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ-ում՝ Սամվել Գասպարյան, 109 կգ-ում՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան: Երկու մասնակից էլ կունենանք աղջիկների պայքարում․ Իզաբելա Յայլյան՝ 59 կգ, Տաթեւ Հակոբյան՝ 87 կգ:

Թիմը գրեթե պատրաստ է աշխարհի առաջնությանը: Բայց դեռ ունենք մարզումային վերջին փուլ: Այժմ Աբովյանի մարզաբազայում ենք հավաք անում: Այստեղից թիմը կմեկնի Ուկրաինա, որտեղ կանենք վերջին հավաքը: Աշխարհի առաջնությանը պատրաստվում ենք դեռ մայիսից, բոլոր ամսիներին էլ անցկացրել ենք հավաք:

Այս աշխարհի առաջնությունը կարեւոր է մեզ համար օլիմպիական ուղեգրերի քանակի առումով: Այս պահին մեր հավաքականին հասնում է երկուական օլիմպիական ուղեգիր՝ երկու տղաների, երկու աղջիկների: Եթե լավ հանդես գանք Թաիլանդում եւ շատ մեդալներ նվաճենք, մեծ հավանականություն կա տղաների ուղեգրերի քանակը դարձնել երեք: Մտածում ենք աղջիկների մի ուղեգիրը տալ տղաներին: Ամեն ինչ կարող է փոխվել, բայց այս պահին այսպիսին է մեր վիճակը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։