Տիգրան Ավինյան․ Մտածում ենք հաջոդ Խաղերում անցում կատարել սիրողականից պրոֆեսիոնալի

16:18   17 օգոստոսի, 2019
Երեւանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Համահայկական 7-րդ խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա է նաեւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ չեմպիոնի կոչման համար պայքարում են Բեվերլի Հիլզ - Թեհրան թիմերը:

«Բասկետբոլի եզրափակիչը համարվում է Համահայկական խաղերի ամենակարեւոր վերջին խաղը, որով ավարտվում են Խաղերը եւ տեղի է ունենում փակման արարողությունը: Ինչպես հին, այնպես էլ նոր Հայաստանում Համահայկական խաղերի խորհուրդը նույն է, միասնությունը: Կարծում եմ, այս խորհուրդը շատ ավելի ցցուն եղավ 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում: Շատ տպավորիչ բացում էր, ինչպես նաեւ խաղերը բավական հաջող են անցել: Այնքան հաջող, որ մտածում ենք հաջոդ Խաղերում անցում կատարել սիրողականից պրոֆեսիոնալի:

Ասում են Հայաստանի, մասնավորապես Երեւանի թիմերը մեծ թվով ոսկե մեդալներն են նվաճել: Հաղթում է ուժեղագույնը, եւ կարծում եմ՝ որեւէ կասկած չկա արդարության տեսանկյունից, քանի որ մրցավարերը պրոֆեսիոնալ կատարել են իրենց աշխատանքը: Անցումը սիրողականից պրոֆեսիոնալ նաեւ կնպաստի ուժերի հավասարեցմանը: Ես ինքս սիրում եմ բասկետբոլ, վերջին անգամ խաղացել եմ կես տարի առաջ ընկերներիս հետ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հայաստանի փոխվարչապետի հետ Բեվերլի Հիլզ - Գլենդել խաղին հետեւում է նաեւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։