Կարեն Գիլոյան․ Պատմության մեջ առաջին անգամ հայերը ստեղծել են միջազգային լիգա

10:17   17 օգոստոսի, 2019

Պատմության մեջ առաջին անգամ հայերը ստեղծել են միջազգային լիգա: Շատ լավ կլինի, որ Եվրասիական լիգան պետական աջակցություն ստանա եւ իմանանք, որ Լիգայի թիկունքին Հայաստանն է կանգնած:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի նորաստեղծ Եվրասիական լիգայի նախագահ, Երեւանի «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը:

Հոկեմբերի 1-ին Երեւանում կմեկնարկի բասկետբոլի Եվրասիական լիգան, որին կմասնակցի 4 երկրի 6 թիմ: Հայաստանը կներկայացնեն «Արագածն» ու «Ուրարտուն»: Մոսկվայում Կարեն Գիլոյանի եւ մասնակից երկրների ակումբների նախագահների գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական լիգայի շնորհանդեսը, մամուլի ասուլիս: Երեւանում Եվրասիական լիգան կներկայացվի սեպտեմբերին:

Պարոն Գիլոյան, ինչպե՞ս ստեղծվեց Եվրասիական լիգա հիմնելու գաղափարը:

Երբ Հայաստանի Ա լիգան ստեղծվեց, մենք մտածեցինք, որ միայն ներքին խաղերով առաջ չենք գնա: Պետք է միջազգային հանդիպումներ եւ փորձ ունենալ: 2018 թվականին միջազգային մրցաշարի փորձ ունեցանք, որն այդքան էլ չհաջողվեց: Անցկացրեցինք նաեւ ԵԱՏՄ գավաթի խաղարկություն, որը պարզապես փայլուն անցավ: Մասնակիցներն ուղղակի հիացած էին, պարգեւատրմանն էլ ներկա էին երկրների դեսպանները: ԵԱՏՄ գավաթի խաղարկությունից հետո մտածեցինք՝ ինչու չանենք կանոնավոր առաջնություն՝ լիգա, որը հրաշալի հնարավորություն կլինի միջազգային հանդիպումների, փորձի ձեռք բերման հարցում: Գաղափարը ստեղծվեց իմ եւ Արա Պողոսյանի ջանքերով:

Օրերս Մոկսվայում ներկայացրեցինք Եվրասիական լիգան։ Ներկա էին Ռուսաստանի եւ Ղազախստանի մասնակից թիմերի նախագահները: Առաջին ասուլիսը Մոսկվայում արեցինք, որպեսզի ցույց տանք Լիգայի միջազգային լինելը: Համագործակցում ենք ԵԱՀԿ-ի հետ: Ցանկանում ենք ԵԱՀԿ-ի որդեգրած ինտեգրացիայի քաղաքականությանը կցել նաեւ սպորտը որովհետեւ ԵԱՀԿ-ն սպորտի գործառույթ չունի: Առաջին քայլն ենք արել եւ առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը ստեղծել է Եվրասիական լիգա: Սա աննախադեպ է նրանով, որ նույնիսկ բասկետբոլի համաշխարհային ֆեդերացիան ասաց, որ երկու մայրցամաքները կապող որեւէ լիգա երբեք չի եղել:

Լիգայի կենտրոնը լինելու է Հայաստա՞նը:

Լիգայի գրասենյանը լինելու է Հայաստանում: Եվրասիական լիգայի նախագահը ես եմ, Արա Պողոսյանը գլխավոր տնօրենն է: Համաշխարհային ֆեդերացիայի խորհրդով առայժմ 6 թիմ կմասնակցի առաջնությանը: Հետագայում մեր նպատակն է մինչեւ 16-ի  հասցնել մասնակից թիմերի թիվը: Ղրղզստանն այս տարի դիտորդի դերում կլինի: Լիգայի կարգը բավական բարձր է. ունենք Սուպեր լիգայի 1-ից թիմ՝ ռուսական «Բարսին» եւ «Բորիսֆենը»: Տուլայի «Արսենալն» էլ Սուպեր Լիգա 2-րդի առաջատարներից է: Այսինքն՝ հեշտ մրցակիցներ չեն, բավական բարձր որակ է: Պարզ է, որ այս պարագայում Ղրղզստանի թիմը մեծ տարբերությամբ կպարտվեր դրա համար որոշեցին չմասնակցել:

Որո՞նք են մյուս մասնակից թիմերը:  

Հայաստանից՝ Երեւանի «Ուրարտու» եւ «Արագած», Բելառուսից՝ Մոգիլեւի «Բորիսֆեն», Ռուսաստանի Տուլայի «Արսենալ», Մոսկվայի «ՄԲԱ» եւ Ղազախստանից Ատիրաուի «Բարսի»: Լիգան կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 1-ին: Առաջին հանդիպումը կլինի Երեւանի «Միկա» մարզահամալիրում: Մեծ շուքով լիգայի բացում կանենք: Կանոնավոր առաջնությունը կտեւի մինչեւ 2020 թվականի ապրիլ: Բոլոր թիմերը միմյանց կհանդիպեն երկու անգամ՝ տուն-դուրս: Լավագույն քառյակը կխաղա չորս եզրափակիչ, կլինի երկու կիսաեզրափակիչ, հաղթողները կխաղան եզրափակիչ, պարտվողները՝ երրորդ տեղ: Բոլոր լիգաների պես կտեւի մեկ տարի: Որպեսզի չխանգարենք մասնակից երկրների առաջնություններին, մյուս լիգաների մասնակցությանը, ամռանը կհանգստանանք եւ հոկտեմբերից նորից կսկսենք:

Համաշխարհային ֆեդերացիան արդեն ողջունել է լիգայի ստեղծումը: Օգոստոսի 28-ին համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր կոնգրեսը պաշտոնապես կհաստատի լիգան: Մարդիկ կարոտել են միջազգային հանդիպումները, ուզում են խաղային ձեւերում միջազգային խաղեր տեսնեն: Շատ լավ է, որ Հայաստանի ֆուտբոլն այսպիսի լավ առաջընթաց է ապրում եւ դրա ֆոնին բասկետբոլն էլ, վստահ եմ,  կհաջողի, մեկը մյուսին կօգնեն եւ հանդիսատեսը կսկսի գնալ մարզադահլիճ, մարզաձեւի հեղինակությունը կբարձրանա եւ մարզվողների քանակը կավելանա:

Իսկ ինչո՞ւ միայն «Ուրարտու» եւ «Արագած»:

Հայաստանի մյուս թիմերը նույնպես կունենան հնարավորություն ընդգրկվել Լիգայում: Այս պահին ընտրվել են Հայաստանի երկու ուժեղագույն թիմերը՝ Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը: Լիգայում ընդգրկվելու համար մեր թիմերը պետք է ունենան ֆինանս եւ համապատասխան խաղամակարդակ:

 «Ուրարտուն» հավաքականի կորիզն է եւ այս տարի որոշել ենք, թեկուզ մի քիչ թանկ, բայց հայ բասկետբոլիսներով համալրել թիմը: Մայք Հակոբյան, Մեթյու Մադոյան, Ռաֆայել Ուզունյան. պաշտոնապես արդեն մեր խաղացողներն են: Նրանք բասկետբոլիսներ են, որոնք լուրջ խաղ են խաղում եւ շատ կուժեղացնեն թիմը: Այլազգի խաղացողներ էլ կունենանք, բայց «Ուրարտուի» նպատակն է հանդես գալ որպես լիարժեք հայկական թիմ:

Սա շատ կարեւոր նախաձեռնություն է մեր երկրի համար. Պատմության մեջ առաջին անգամ հայերը ստեղծել ենք միջազգային լիգա, որի շտաբ-բնակարանը Երեւանում է, նախագահը՝ Հայաստանի քաղաքացի: Մենք միշտ ուրիշների լիգաներում ենք խաղացել, ուրիշների հովանու ներքո: Հիմա մենք ենք նախաձեռնողն ու ստեղծողը: Նման բան երբեք չի եղել: Պետք է պետական աջակցություն էլ լինի, պետք է պետական վերաբերմունք տրվի այս նախաձեռնությանը: Դիմելու ենք պետական այրերին եւ խնդրելու, որ ուշադիր լինեն մեր նախաձեռնության հանդեպ. Որքան էլ մարդ նախաձեռնող ու ստեղծող լինի, մեկ մարդը չի կարող պետություն ներկայացնել: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանը լինի մեր թիկունքին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։