Ստամբուլ-2012. Թուրքերը Տիգրան Պետրոսյանի լուսանկարի տակ գրեցին Եֆիմ Բոգոլյուբովի անունը

01:02   28 օգոստոսի, 2012

Ավարտվեց 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ստամբուլի WOW կոնֆերանսների կենտրոնում կայացած բացման արարողությանը մասնակցում էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՖԻԴԵ –ի ղեկավարությունը, հրավիրված հյուրեր եւ մասնակիցներ: Թուրքիայի ազգային հիմնը հնչելուց հետո կազմակերպիչները ցուցադրեցին ֆոտոֆիլմաշար, որտեղ ցուցադրվեցին աշխարհի չեմպիոնների, տարբեր ժամանակների ուժեղագույն շախմատիստնրի եւ ՖԻԴԵ-ի պաշտոնյաների լուսանկարներ:

Կազմակերպչները աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի լուսանկարի տակ գրել էին Էֆիմ Բոգոլյուբով: Շատ դժվար է ճանաչել Ֆիլոդորի, Ակիբա Ռուբինշտեյի, Արոն Նիմցովիչի, Վիլհելմ Ստեյնիցի լուսանկարները եւ միեւնույն ժամանակ շփոթել Պետրոսյանին 1920-ակաների ուժեղագույն շախմատիստի  հետ:

Այնուհետեւ ելույթ ունեցան թուրքական պարային համույթներ: Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի, ՖԻԴԵ-ի նախագահի եւ Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ելույթներից հետո դահլիճում պտտվեցին մասնակից երկրների ներկայացուցիչները ազգային դրոշներով: Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնի ներքո բարձրացվեց ՖԻԴԵ-ի դրոշը եւ մրցաշարը հայտարարվեց բացված: Այնուհետեւ բեմ հրավիրվեց գլխավոր մրցավար Պանագիոտիս Նիկոլոպուլոսը, ով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչիի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնությամբ կատարեց վիճակահանության արարողությունը: Նրանք տաղմարդկանց եւ կանանց գործակցային ֆավորիտներ Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականների համար հատուկ փակ տուփերից հանեցին սեւ եւ սպիտակ խաղաքարեր, որի արդյունքում Ռուսաստանի տղամարդկանց հավաքականն իր առաջին մրցամարտը կսկսի սեւ խաղաքարերով, իսկ Չինաստանի կանանց հավաքականը` սպիտակներով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.