Վարդան Մինասյան. Պատրաստ ենք ռևանշի

20:04   13 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» պատասխան խաղին ընդառաջ Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի չեմպիոնների գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և մարոկկացի պաշտպան Ռոչդի Աչենտեի մամուլի ասուլիսը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Վրաստանի մայրաքաղաքից:

«Հուսով եմ, որ երկու խաղակեսերում էլ լավ ֆուտբոլ կցուցադրենք, ինչը չստացվեց երևանյան խաղում: Կարծում եմ, որ հենց այդ փաստը պարտության պատճառ դարձավ:

Թիմում շատ լավ տրամադրություն է տիրում: Դժվարությամբ, բայց հաղթեցինք առաջնության առաջին խաղում: Պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել և հասնել ռևանշի: Կձգտենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ: Խաղի ընթացքը ցույց կտա, ինչպիսի մարտավարությամբ կգործենք հանդիպման ընթացքում:

Մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղվա հանդիպմանը: Կլինեն փոփոխություններ թե մեկնարկային կազմում, թե մարտավարությունում: Ես միշտ ընտրում եմ կազմը և մարտավարությունը ըստ մրցակցի և տվյալ խաղում մեր նպատակի: Մեզ ևս 2 խաղ է անհրաժեշտ ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Մեր մրցակիցն այս պահին ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քանի որ Վրաստանի առաջնությունն ընթացքի մեջ է: «Սաբուրթալոն» լավ թիմ է, լավ խաղացողներ կան հատկապես առջևի գծում: Վրացի երիտասարդները տաղանդավոր են և մեծ ապագա ունեն»,- նշեց Մինասյանը:

Ռոչդի Աչենտեն ակնկալում է բարդ պայքար։

««Սաբուրթալոն» լավ թիմ է: Բարդ խաղ է սպասվում: Արդեն ճանաչում ենք մրցակցին: Առաջին խաղում վատ անցկացրեցինք վերջին 30 րոպեները, իսկ մինչ այդ հիանալի էինք հանդես գալիս: Կարծում եմ, որ մենք հաղթելու լավ շանսեր ունենք»,- նշեց մարոկացին:

«Սաբուրթալո» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:

Սամվել Սուքիասյան` Թբիլիսիից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։