Ռումյան Հովսեփյանը՝ Բուլղարիայի առաջնությունում խփած առաջին գոլի եւ տպավորությունների մասին (ֆոտո)

13:17   31 հուլիսի, 2019

Ֆուտբոլի Բուլղարիայի առաջնության երրորդ տուրում «Արդան» տանը 3։1 հաշվով հաղթել էր «Բերոեին»։ Հանդիպման հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, որը խփեց առաջին գոլը Բուլղարիայի առաջնությունում եւ «Արդայի» առաջին գոլը Բուլղարիայի Բարձրագույն լիգայում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը պատմեց առաջին գոլի եւ տպավորությունների մասին, համեմատեց Բուլղարիայի եւ Հայաստանի առաջնությունները, խոսեց եվրագավաթային մրցաշարերում հայկական ակումբների մրցելույթների մասին։

 «Ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի Բուլղարիայի առաջնությունում։ Կարողացանք կազմակերպել արագ հակագրոհ եւ ավարտել դիպուկ հարվածով, թեեւ մրցակիցը թվային առավելություն ուներ սեփական կիսադաշտում։

Բուլղարիայի առաջնությունում կան բարձրակարգ ակումբներ, ստադիոններ, ֆուտբոլիստներ, լավ առաջնություն է։

Գերազանց տպավորություններ ունեմ «Արդայից», որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին։ Կարծում եմ՝ Բուլղարիայի առաջնությունոը որոշակիորեն ուժեղ է Հայաստանի առաջնությունից։ Անկասկած, սա իմ կարիերայում քայլ առաջ է։

Ազգային հավաքականում կայուն տեղ ունենալու համար պետք է ամեն օր համառ աշխատանք կատարեմ եւ սպասեմ իմ շանսին։

Հետեւում եմ հայկական ակումբների մասնակցությանը Եվրոպայի լիգային։ Ուրախ եմ, որ երեք թիմ դուրս է եկել որակավորման երկրորդ փուլ, իսկ «Արարատ-Արմենիան» արդեն երրորդ փուլում է։

«Փյունիկն» ավելի մեծ շանս ունի դուրս գալ երրորդ փուլ, քան «Ալաշկերտը»։ Բայց վստահ եմ, որ «Ալաշկերտը» կդրսեւորի բնավորություն եւ հաղթանակի հասնելու կամք։ Մեր ակումբներին հաջողություն եմ մաղթում»,- ասաց Ռումյան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Ռումյան Հովսեփյանը այս ամռանն է Երեւանի «Փյունիկից» տեղափոխվել «Արդա»։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։