Արթուր Եդիգարյանը՝ Սերբիայի Սուպերլիգայում նորամուտի մասին (ֆոտո)

19:10   29 հուլիսի, 2019

Այս ամռանը Երեւանի «Ալաշկերտից» սերբական «Պրոլետեր» տեղափոխված Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն արդեն երկու հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայի առաջնությունում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմեց նորամուտի, ընթացիկ մարզավիճակի մասին, համեմատեց Սերբիայի եւ Հայաստանի առաջնությունները։

«Դրական կգնահատեմ նորամուտս Սերբիայի առաջնությունում։ Առաջին խաղում դուրս եկա փոխարինման, երկրորդում անցկացրի 90 րոպե։ Առայժմ պատրաստ եմ 80 տոկոսով, բայց աստիճանաբար մոտենում եմ լավագույն մարզավիճակիս։

Ինձ դիտարկում են հիմնական կազմի խաղացողի դերում։ «Պրոլետերում» կան 4-5 փորձառու ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կառուցվում է թիմի խաղը։

Սերբիայի առաջնությունը լավ մակարդակի է։ Բոլոր թիմերը խաղում են ուժային արագ ֆուտբոլ։ Առաջնությունում հանդես են գալիս 18-ից 40 տարեկան ֆուտբոլիստներ։ Ակումբների հիմնական մասի գլխավոր նպատակը փորձառու ֆուտբոլիստների կողքին երիտասարդ խաղացողների առաջընթացն ապահովելն է։

Եթե համեմատեմ Հայաստանի առաջնության հետ, ապա «Ցրվենա Զվեզդա», «Պարտիզան», «Չուկարիչկի» եւ «Վոյվոդինա» թիմերում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Կարծում եմ՝ Սերբիայի առաջնությունն ավելի ուժեղ է»,- նշեց Արթուր Եդիգարյանը։

Սերբիայի առաջնության առաջին տուրում «Պրոլետերը» 0։3 հաշվով պարտվել է «Ռադնիչկիին», Եդիգարյանը փոխարինման է դուրս եկել 53-րդ րոպեին։ Երկրորդ տուրում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 90 րոպե, «Պրոլետերը» 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը «Վոժդովացի» հետ։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.