Արթուր Աբրահամ. Շտիգլիցը շնորհավորեց ինձ եւ նշեց, որ իմ հաղթանակն արդար էր

21:19   26 օգոստոսի, 2012

«Այս գոտին ինձ համար պատմական նշանակություն ունի, երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն եմ: Ներքուստ շատ ուրախ եմ: Հպարտ եմ: Բայց արտաքուստ պարելով, ճիչերով չեմ կարողանում արտահայտել ուրախությունս»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը  պարտության մատնեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին եւ հռչակվեց չեմպիոն: Արթուր Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113):

Աբրահամը աշխարհի չեմպիոն է եղել նաեւ առաջին միջին քաշային կարգում IBF վարկածով:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Դու կրկին աշխարհի չեմպիոն ես: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շատ շնորհակալ եմ: Շատ հաճելի զգացողություններ ունեմ: Բայց անկեղծ ասած սա ինձ համար սովորական է: Երբ մի քանի անգամ աշխարհի չեմպիոն ես դարձել եւ հերթական անգամ ես դառնում, արդեն սովորական է դառնում: Բայց ներքուստ շատ ուրախ եմ, հպարտ եմ: Շատ հպարտ եմ:

WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին ի՞նչ նշանակություն ունի քեզ համար:

Պատմական նշանակություն ունի, քանի որ դարձա երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն: Հպարտանալու առիթ է:

Արթուր, դու հաղթեցիր մրցավարների միաձայն որոշմամբ: Դժվա՞ր տրվեց հաղթանակը:

Բավական դժվարությամբ ես հասա այս հաղթանակին: Երբ բռնցքամարտիկը մարտնչում է աշխարհի չեմպիոնի հետ, բնական է, որ բարդ մենամարտ է նրան սպասվում: Նույնիսկ չափից դուրս բարդ էր: Այս մենամարտում կարեւորը խելացի մենամարտելն էր, քանի որ մրցակիցս իսկապես շատ ուժեղ էր: Մինչեւ վերջին վայրկյանը ես քրտինքով վաստակեցի միավորներն ու հաղթանակը:

Երբ աշխարհի չեմպիոնի գոտին հանձնեցին քեզ, ի՞նչ ապրումներ ունեցար:

Սա սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին է, որը  կարեւոր ձեռքբերում է պրոֆեսիոնալ բնռքամարտիկի համար:  Երբ գոտին վերցրեցի ձեռքս` անբացատրելի զգացմունք ունեցա: Միայն գիտակցում եմ, որ ես այդ գոտու համար մի քանի տարի պայքարել էի, դա այս տարիների իմ նպատակն էր եւ հասա իմ նպատակին, ինչի համար շատ ուրախ եմ:  Չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ եմ, բայց այդ ուրախությունս ներքուստ է: Ես չեմ կարողանում արտաքուստ ցուցադրել իմ ուրախությունը: Պարերով, ճիչերով իմ ուրախությունը չեմ արտահայտում: Կարեւորը ես հոգուս խորքում ուրախ եմ եւ հպարտ: Ինձ համար ավելի հաճելի է, երբ տեսնում եմ, որ իմ երկրպագուներն ու սպորտի սիրահարներն են ուրախանում:

Արթուր ձայնիդ մեջ հոգնածություն է զգացվում:

Հոգնելն այն խոսքը չէ: Մենամարտից հետո դեռեւս չեմ հանգստացել: Շատ հյուրեր ունեմ Հայաստանից, իմ մենամարտին հետեւելու շատ մարդիկ էին եկել. դա էլ ինձ ուրախացրեց: Այստեղ է իմ լավ ընկեր երգիչ Թաթա Սիմոնյանը Հայաստանից, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, գործարար Միշա Բաղդասարովը եւ այլոք: Շատ հաճելի էր նրանց տեսնել հանդիսատեսի շարքերում: Ինձ շատ ոգեւորեցին: Նման հյուրերը, երբ Հայաստանից հասնում են Գերմանիա իմ մենամարտին անձամբ ներկա լինելու` ինձ շատ է ոգեւորում:

Մեր անցյալ զրույցում նկարագրեցիր, որ մենամարտի ընթացքում քեզ զգում ես թունելում եւ չես նկատում մենամարտին հետեւող հանդիսատեսին, երկրպագուներին: Այս մենամարտի ընթացքո՞ւմ էլ էր այդպես:

Միանշանակ: Մասնավորապես, այս մենամարտի ժամանակ, որն իմ կյանքի կարեւորագույն մենամարտն էր, եթե ուզենայի էլ, չէի նկատի իմ հանդիսատեսին, իմ երկրպագուներին: Զգում էի նրանց բոլորի ներկայությունը: Տեսնում էի, որ դահլիճում ազատ տեղ չկա, բայց նրանց չէի լսում: Այդ պահին դու ուրիշ աշխարհում ես գտնվում: Միայն մենամարտից հետո հասկանում ես, թե որքան մարդ էր սպասում քո հաղթանակին, հետեւում քեզ եւ ապրում քո ամեն մի հարվածով: Մենամարտից հետո աստիճանաբար հետ ես գալիս եւ նորմալ մարդ դառնում:

Վնասվածքներ շա՞տ ունեցար:

Ոչ, այս անգամ առանց վնասվածքների հասա հաղթանակիս: Միայն փոքր քերծվածքներ եղան, ինչը նորմալ է նման բարդ մենամարոտւմ:

Շտիգլիցին մենամարտից հետո տեղափոխել են հիվանդանոց: Լո՞ւրջ էին նրա վնասվածքները:

Նրա երկու աչքերն էին վնասվել: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի վիրակապեն: Այսօրինակ վնասվածքներն էլ են նորմալ նմանատիպ մենամատերի ժամանակ:  

Իսկ Ռոբերտ Շտիգլիցը շնորհավորե՞ց քեզ, եւ ի՞նչ խոսքերով շնորհավորանք հղեց հաղթանակիդ կապակցությամբ:

Այո, շնորհավորեց եւ նշեց, որ իմ հաղթանակն իսկապես արդար էր: Նա նույնպես հասկացավ, որ գոտին ես արդար մենամարտում նրանից խլեցի:

Արթուր, հաղթանակիցդ հետո առաջինը ո՞ւմ հետ կիսվեցիր քո ուրախությամբ:

Առաջին զանգը արեցի մայրիկիս:  Մայրս ասաց` «վայ, բալա ջան, այս ինչ դժվար մենամարտ էր, այդ ինչքան հարվածեց քեզ Շտիգլիցը»: Ասացի` «հանգիստ եղիր, նա իմ ձեռքերին է հարվածել, ոչ մի լուրջ բան չկա»: Մայրս ավելի շատ անհանգստացած էր ինձ հասցված հարվածներից: Մայրիկիս հետ զրուցելուց հետո արդեն ինձ շնորհավորեց հայրս, նա ինձ հետ էր ռինգում, իմ կողքին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.