Արայիկ Բաղդադյան․ Ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ անարդարություն, եթե մարզիկն ինքն է լքում հավաքի տեղը

09:11   27 հուլիսի, 2019

Ռաֆայել Խլղաթյանն իր անձնական մարզիչի պահանջով է մարզումային հավաքից դուրս եկել, ինչը սպորտային օրենքի խախտում է: Ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի մարզիկի եւ մարզիչի արարքը եւ պատժամիջոցներ կկիրառի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը՝ մեկնաբանելով հուլիսի 26-ին նախարարության շենքի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիան

«Ռաֆայել Խլղաթյանն ընդգրկված է եղել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի հավաքին: Երբ որոշվեց կազմը, հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը որոշում կայացրեց 45 կգ քաշային կարգում հայտավորել Արայիկ Թոփալյանին, քանի որ նա իսկապես ուժեղ ըմբիշ է. վերջին 3 մրցաշարերում հաղթել է: 2018թ․ Հայաստանի առաջնության չեմպիոնն է: Այս տարի, չգիտես ինչու, երրորդ տեղը զբաղեցրեց:

Ռաֆայել Խլղաթյանի անձնական մարզիչը զանգահարեց Գագիկ Խաչատրյանին եւ հարցրեց, թե Ռաֆայելը չի՞ գնալու աշխարհի առաջնության: Խաչատրյանն էլ պատասխանեց՝ ոչ: Այդ խոսակցությունից հետո Խլղաթյանի անձնական մարզիչ Ամիրբեկ Պողոսյանը ավագ մարզիչին ասաց՝ եթե չի մասնակցում, ուրեմն թող դուրս գա հավաքից: Մարզիկն էլ համաձայնեց իր անձնական մարզիչի հետ, որ եթե չի մեկնում աշխարհի առաջնության, ուրեմն հավաքին մնալու իմաստ չի տեսնում: Դուրս եկավ հավաքից եւ գնաց տուն:

Գագիկ Խաչատրյանն անմիջապես տեղեկացրեց ինձ, ասաց, որ մարզիկը չի ցանկանում շարունակել հավաքը: Յուրաքանչյուր հավաք թղթաբանություն ունի, փաստաթղթերով հայտագրում ենք հավաքի մարզիկներին, ամեն ինչ արվում է օրենքով: Յուրաքանչյուր քաշային կարգում մրցման պատրաստվողներն ունենում են սփարինգ զուգընկերներ: Մենք չէինք կարող Ռաֆայել Խլղաթյանի տեղը մարդ չընդգրկել: Ուրիշ մարզիկի նրա տեղն ընդգրկեցինք եւ նորմալ հունով շարունակեցինք մեր հավաքը: Մարզիկն իրավունք չունի լքել հավաքը, հավաքի վայրը, քանի դեռ հավաքը չի ավարտվել: Կարեւոր չի՝ դու մասնակցելու ես մրցմանը, թե ոչ, պետք է շարունակես հավաքը, օգնես ընկերներիդ: Ռաֆայել Խլղաթյանի եւ նրա մարզիչի արարքը սպորտային օրենքի խախտում է:

Այժմ եկել, բողոք են անում, առանց իմանալու պատճառը, թե ինչու իրենց երեխան այլեւս չի կարող ընդգրկվել հավաքի: Այսօր ես եմ ներս կանչել մարզիչին, զրուցել, նա ընդունում է, որ սխալ է արել՝ իր սանին հետ կանչելով հավաքից:

Ցույց անելը, «շուխուռ» անելը հարցի լուծում չի: Եթե մարզիկը թողնում, հավաքի տեղից գնում է, էլ ինչի մասին է խոսքը: Նրանք սուտ պատճառաբանություններ են բերում, թե իբր մարզիկը վատառողջ է եղել: Մարզիկն ինքնակամ է լքել հավաքը:

Նաեւ ուզում եմ հայտարարել, որ այդ բողոքը ֆեդերացիայի դեմ էր: Ոչ ՀԱՕԿ-ը, ոչ էլ նախարարությունը այս բողոքի հետ կապ չունեին: Ցույցին մասնակցում էին կանայք, որոնք, առանց իմանալու  իրականությունը, բղավում էին: Ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ անարդարություն, երբ մարզիկն ինքն է լքում հավաքի տեղը, հրաժարվում օգնել իր ընկերներին: Սա մարզիկին վայել պահվածք չէ: Չի կարող մարզիկը հավաքին չմասնացել եւ վերջին օրը գալ պահանջել՝ մասնակցություն աշխարհի առաջնությանը:

Առաջիկա օրերին ֆեդերացիան ժողով կանի եւ կարգապահական հանձնաժողովով կքննարկի մարզիկի ու մարզիչի արարք»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը:

45 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Հոմերոս Առաքելյանը բաց կթողնի պատանիների աշխարհի առաջնությունը ձեռքի վնասվածքի պատճառով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։