«Աթլետիկոն» դատի կտա «Բարսելոնային»․ Գրիզմանի տրանսֆերի համար պահանջում է եւս 80 միլիոն եվրո

19:11   12 հուլիսի, 2019

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնական հայտարարությամբ իրազեկել է, որ դատի է տալու «Բարսելոնային» եւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար պահանջելու է եւս 80 միլիոն եվրո։

«Աթլետիկոն» վստահ է, որ «Բարսելոնան» ու Գրիզմանը տրանսֆերի վերաբերյալ համաձայնության հասել են նախքան տրանսֆերային գնի նվազումը։ Մադրիդյան ակումբի հետ Գրիզմանի պայմանագրով նախատեսված է, որ նրա տրանսֆերային գինը հուլիսի 1-ից 200 միլիոն եվրոյից նվազում է մինչեւ 120 միլիոն եվրո։

«Այսօր Գրիզմանի փաստաբանը հայտնվել է Պրիմերայի գրասենյակում եւ միակողմանի խզել պայմանագիրը խաղացողի եւ «Աթլետիկոյի» միջեւ։ Նա «Բարսելոնայի» անունից վճարել է 120 միլիոն եվրո։

Մենք կարծում ենք, որ այս գումարը բավարար չէ։ Ակնհայտ է, որ «Բարսելոնան» եւ Գրիզմանը տեղափոխության մասին պայմանավորվել են նախքան գնի նվազումը 200 միլիոն եվրոյից մինչեւ 120 միլիոն եվրո։

Այդ համաձայնությունը եղել է նախքան մայիսի 14-ը, երբ Գրիզմանը հայտարարեց մեր ակումբից հեռանալու որոշման մասին։

«Աթլետիկոն» արդեն սկսել է իր օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ»,- նշվում է «Աթլետիկոյի» պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությունում։

«Բարսելոնան» հուլիսի 12-ին հայտարարել է, որ Գրիզմանի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերային գումարը կսահմանի 800 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։