«Աթլետիկոն» մերժել է «Բարսելոնային», իսկ Գրիզմանից պահանջել է ներկայանալ ակումբային մարզաբազա

00:36   6 հուլիսի, 2019

Մադրիդի «Աթլետիկոն» մերժել է «Բարսելոնային», իսկ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից պահանջել է ներկայանալ ակումբային մարզաբազա եւ սկսել պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։

Կատալոնական ակումբը «Աթլետիկոյից» խնդրել է Գրիզմանի տրանսֆերի համար նախատեսված 120 միլիոն եվրոյի վճարման հետաձգում։

«Աթլետիկոն» այս կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Մայիսի 14-ին Գրիզմանը «Աթլետիկոյի» ղեկավարությանը հայտնեց, որ որոշել է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ Մի քանի օր անց մեզ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» Անտուանի հետ ամեն ինչի մասին պայմանավորվել է դեռ մարտին, երբ մեր թիմը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խաղում էր «Յուվենտուսի» հետ։

Երեկ «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն մեր ակումբի ղեկավարից խնդրել է Գրիզմանի տրանսֆերային գումարի (120 միլիոն եվրո) վճարման հետաձգում։ «Աթլետիկոն» բացասական է արձագանքել, քանի որ «Բարսելոնան» ու խաղացողը չեն հարգում մեր ակումբը եւ մեր երկրպագուներին։

Ստեղծված իրավիճակում «Աթլետիկոն» այսօր Անտուանին եւ նրա գործակալին (ֆուտբոլիստի քույրն է) ու փաստաբանին տեղեկացրել են, որ պայմանագրային պարտավորությունների համաձայն, նա պետք է առաջիկա կիրակի լինի ակումբային մարզաբազայում եւ թիմակիցների հետ սկսի պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։

Ցանկանում ենք վճռական անհամաձայնություն հայտնել երկու կողմերի եւ հատկապես «Բարսելոնայի» վարքի կապակցությամբ։ Երբ մեր թիմը պայքարում էր Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» հետ, իսկ Պրիմերայի տիտղոսի համար հենց «Բարսելոնայի» հետ, կատալոնական ակումբը ֆուտբոլիստին դրդել է խզել համաձայնագիրն «Աթլետիկոյի» հետ»,- ասվում է մադրիդյան ակումբի հայտարարությունում։

Այժմ «Բարսելոնան» կկարողանա ձեռք բերել Գրիզմանին, եթե մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը միանվագ վճարի 120 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը միակողմանի խզի պայմանագիրը։

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.