Վարազդատ Հարոյանը՝ «Փյունիկի» դեմ խաղի եւ Հայաստանի հունիսյան հաղթանակների մասին

09:12   3 հուլիսի, 2019

Օգտակար խաղ էր երկու թիմերի համար էլ, «Փյունիկը» լավ տպավորություն թողեց, ասել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան, «Փյունիկի» նախկին խաղացող Վարազդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Սլովենիայում տեղի ունեցած ստուգողական խաղում «Փյունիկի» նկատմամբ «Ուրալի» 3։0 հաշվով հաղթանակի մասին։

26-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հունիսյան հաղթանակներին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։

«Հիմա «Փյունիկում» կան երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Հետաքրքիր էր խաղալ նախկին թիմիս, Հայաստանի հավաքականում թիմակիցներիս դեմ։ Հաճելի էր տեսնել հայրենակիցներիս խաղադաշտում։

Կարծում եմ՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» պետք է հաղթահարի մակեդոնական «Շկուպիի» արգելքը։ Հավաքների ժամանակ «Ուրալը» հաճախ է խաղում ուժեղ եվրոպական թիմերի հետ, խաղամակարդակի մեծ տարբերություն չզգացի «Փյունիկի» դեմ խաղում։

Ես լավ մարզավիճակում եմ։ Նոր մրցաշրջանում իմ խնդիրը շատ խաղաժամանակ ստանալն է, «Ուրալի» եւ ազգային հավաքականի հետ հաղթանակների հասնելը։

Հայաստանի հավաքականը հունիսին երկու շատ կարեւոր հաղթանակ տարավ, բայց մեզ սպասվում են կարեւոր դիմակայություններ նաեւ սեպտեմբերին։ Ես տեսնում եմ ներուժ մեր հավաքականում եւ վստահ եմ, որ կուրախացնենք մեր երկրպագուներին առաջիկա հանդիպումներում»,- նշեց Վարազդատ Հարոյանը։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, 3։2 հաշվով՝ Հունաստանին։ Սեպտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կընդունի Իտալիային եւ Բոսնիա-Հերցեգովինային։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.