Արթուր Վանեցյան․ Պետությունը չի կարող մասնակցություն ունենալ ազգային ստադիոն կառուցելու հարցում

16:04   26 հունիսի, 2019

Ազգային ստադիոնը կառուցվելու է Երեւանին մոտ համայնքներից մեկում՝ անհատ ներդրողների կողմից: Պետությունը չի կարող մասնակցություն ունենալ ազգային ստադիոն կառուցելու հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ֆեդերացիայի ազգային ստադիոն կառուցելու ծրագրերին:

«Ազգային ստադիոնի կառուցման վերաբերյալ աշխատանքները մշտական քննարկման փուլում են: Ես կարեւորում եմ ազգային ստադիոնի կառուցումը, բայց դա հսկայական միջոցների ներդրումներ է, եւ պետությունը որեւէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցման հարցում: Ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողների կողմից: Այսօր քննարկումներ ունենք մի քանի մասնավոր ներդրողների հետ, հույս ունեմ առաջիկայում կունենանք դրական տեղաշարժ այս հարցում:

Սկզբնական շրջանում քննարկում էինք Երեւանում կառուցելու մասին, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է ստադիոնը կառուցել Երեւանի մոտակա համայնքներից մեկում: Ազգային ստադիոնը Երեւանում չկառուցելու պատճառն այն է, որ քաղաքը խիտ կառուցապատված է: Եթե մարզում կարողանանք կառուցել ազգային ստադիոնն իր հարակից կառույցներով, այդ քայլով մենք նաեւ կաջակցենք մարզերի զարգացվածությանը: Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ համայքներից մեկում քաղաքապետարանը չի համաձայնել հող տրամադրել ազգային սստադիոն կառուցելու համար, կեղծ լուրեր են: Բոլոր համայնքները մշտապես մեզ հետ աշխատում եւ համագործակցում են: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ համայնքի ղեկավար, որին առաջարկվի իր համայնքում անվճար կառուցել ստադիոն եւ նա չհամաձայնի:

«Հրազդան» ստադիոնն ունի սեփականատեր: Սեփականատիրոջ հետ 2-3 անգամ հանդիպել ենք, բանակցել ենք: Մեծ գումարների մասին է խոսքը: Եվ ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող ստադիոնը գնել, նման գումարներ ներդնել: Ֆուտբոլի ֆեդերացիան կարող է գտնել ներդրողներ, որ կվերակառուցի «Հրազդան» մարզադաշտը: Սեականատիրոջ եւ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տարվում են ներդրող գտնելու աշխատանքները: Բայց նաեւ մասնագետների գնահատմամբ, մարզադաշտն իր տեխնիկական բնութագրով չի համապատասխանում նոր ստադիոնի համար պահանջվող միջազգային չափանիշներ »,- ասաց Արթուր Վանեցյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։