Mix Fight 42-ի կազմակերպիչ․Պատրաստ եմ գնալ զիջումների եւ Միհրանի մենամարտը նորից ընդգրկել երեկոյի ցանկում

09:09   22 հունիսի, 2019

Միհրան Հարությունյանը պահանջեց մեր պայմանավորվածից շատ գումար, որը ես չեմ պատրաստվում վճարել, այդ պատճառով նրա մասնակցությունը հուլիսի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Mix Fight 42 մրցաշարին չեղարկվում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 42 մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը:

Հունիսի 20-ին օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանն Ինստագրամի իր էջում հայտարարեց Երեւանում կայանալիք 3-րդ մենամարտը չեղարկելու մասին: Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մարզիկին մենեջեր Հայկազ Ավետունցին։

Mix Fight 42 մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի խոսքով, Միհրան Հարությունյանը խախտել է պայմանագիրը եւ կազմակերպիչից պահանջել հավելյալ 4000 դոլար գումար՝ մասնակցության համար:

«Միհրան Հարությունյանի մենեջերն ամիսներ առաջ ինձ դիմեց՝ Երեւանում կայանալիք մրցաշարում Միհրան Հարությունյանին ընդգրկելու հարցով: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, եւ ես սիրով համաձայնեցի, ավելին՝ դեռ Միհրան Հարությունյանի մենամարտն էլ դրեցի երեկոյի գլխավոր մարտ:

Սկզբում նրա մենեջերն ինձ ասաց, որ Միհրանը բարձր հոնորարաներ է ստանում իր մենամարտերից. օրինակ՝ վերջին մենամարտում նա վաստակել է շուրջ 25 հազար դոլար: Ես նրանց բացատրեցի, որ սա Հայաստանն է եւ այստեղ նման թվերի մասին խոսք գնալ չի կարող: Եկանք համաձայնության, որ Միհրան Հարությունյանին մեր պրոմոութերական ընկերությունը կվճարի 1000 եվրո մասնակցության համար, եւ ես 1000 եվրո՝ հաղթանակի դեպքում: Պայմանավորվեցինք եւ իրավաբանիս հետ կազմեցինք պայմանագիր, ուղարկեցինք, Միհրանը ստորագրեց:

Մեկ ամիս անց Երեւանում կայանալիք մրցաշարում ավելացավ եւս մեկ ռուսական պրոմոութերական ընկերություն GFC-ն: Միհրանի թիմն այդ մասին տեղեկացավ եւ ինձ հետ կրկին կապ հաստատեց օլիմպիական փոխչեմպիոնի մենեջերը՝ պահանջելով հավելյալ 4000 դոլար, հակառակ դեպքում՝ «Միհրանը չի կպնի»: Ես չհամաձայնեցի, քանի որ մենք արդեն ունեինք նախնական պայմանավորվածություն՝ 1000 եվրո: Ավելին՝ Միհրանի եւ նրա մենեջերի Երեւան-Մոկսվա ինքնաթիռի տոմսը՝ հետադարձով, երկու օր էլ հյուրանոցը ու մնացած այլ ծախսերը վճարում էի ես: Այսինքն՝ Միհրան Հարությունյանի բոլոր պայմաններին մենք համաձայնել էինք, բայց փաստացի, նրանք հավելյալ հոնորար են ուզում: Սա սխալ մոտեցում է Միհրանի եւ նրա թիմի կողմից:

Մենք ունենք պայմանագիր եւ նա իրավունք չունի ինձանից ավել գումար պահանջել, ինչ է՝ եւս մեկ պրոմոութեր է կազմակերպիչների ցանկում հայտնվել: Ես կարող եմ այս մրցաշարի շրջանակում աշխատել 4-5 պրոմոութերի հետ, բայց եթե արդեն ունենք կնքած պայմանագիր, դրանով էլ պետք է աշխատենք:

Ցավում եմ, որ իմ 20 մենամարտերից կայանալու է 19-ը, երեկոյի գլխավոր մենամարտը դուրս է գալիս, բայց պայմանավորվածություն կա եւ այն չենք կարող խախտել: Ես չեմ կարող հավելյալ 4000 դոլար տալ Միհրան Հարությունյանին»,- ասաց Վարդան Մնացականյանը:

Mix Fight 42 մրցաշարի կազմակերպիչի խոսքով, այս պահին վերանայվում է Միհրան Հարությունյանի մասնակցության հարցը եւ, հնարավոր է, օլիմպիական փոխչեմպիոնի հետ պրոմոութերական ընկերությունը գա համաձայնության:

Նրա երրորդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):

«Հենց այս պահին տարբեր զանգեր եմ ստանում Ռուսաստանից, կրկին բանակցությունների փուլում ենք, գուցե, վերականգնվի Միհրանի մենամարտը: Ես մնում եմ իմ տեսակետին, նրա պահանջած հավելյալ գումարը չեմ կարող տրամադրել, բայց այսքան խառնաշփոթից հետո պատրաստ եմ գնալ զիջումների եւ նորից ընդգրկել Միհրանի մենամարտը երեկոյի ցանկում:

Մենք արդեն տեղեկացրել էինք Միհրանի մրցակցին՝ բրազլիացի Ուեսլի դե Ջեսուսին եւ նրա թիմին: Նրանք զարմացած են ստեղծված իրավիճակից: Միհրանը եւ նրա թիմը պետք է հասկանան, որ սա անհարգալից վերաբերմունք է ինչպես իր հայերնակիցների, իր երկրպագուների, այնպես էլ մրցակցի հանդեպ:

Դեռ չեմ կարող ասել, թե բանակցություններն ինչ արդյունք կտան, բայց հուսանք այս անհասկանալի իրավիճակը կշտկվի: Միայն կարող եմ հայտարարել, որ այս պահին պաշտոնապես Միհրան Հարությունյանը հանդես չի գալու Երեւանում կայանալից մրցաշարում»,- նշեց Վարդան Մնացականյանը:  

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։