Պլատինիին մի քանի ժամ հարցաքննելուց հետո թույլ են տվել հեռանալ ոստիկանությունից

11:53   19 հունիսի, 2019

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինին Ֆրանսիայում հարցաքննվել է ՖԻՖԱ-ի եւ 2022թ․ աշխարհի առաջնության իրավունքը Քաթարին տալու հետ կապված կոռուպցիոն գործով։ Նա մի քանի ժամ մնացել է ոստիկանությունում։

«Պլատինին արդեն ազատ է։ Դատարկ տեղը շատ աղմուկ է բարձրացվել»,- ասել է Պլատինիի փաստաբան Ուիլյամ Բուրդոնը AFP-ին։ Պլատինին ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն ոստիկանություն գալուց հետո ձերբակալվել է։

Le Monde-ը գրել էր, որ Պլատինին 2022թ․ աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունից մեկ օր առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Քաթարի թագաժառանգ, այժմ այդ երկրի ղեկավար, էմիր Շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ Տանիի հետ։

Վարկածներից մեկի համաձայն՝ Քաթարը 100 միլիոն դոլար է փոխանցել ՖԻՖԱ-ին աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար։

Պլատինին ՈւԵՖԱ-ն գլխավորել է 2007-2015 թվականներին։ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի հետ կապված կոռուպցիոն սկանդալին առնչություն ունենալու պատճառով նա զրկվեց ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Հետագայում ստուգումները ոչ մի արդյունք չտվեցին եւ Պլատինիից հանվեցին մեղադրանքները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։