ՀԱՕԿ նախագահ․ Միհրան Հարությունյանը թող հիմա գա, միանա թիմին, մասնակցի հավաքներին

18:07   14 հունիսի, 2019

Միհրան Հարությունյանը 2-3 տարի թիմի հետ չի մարզվել, հավաքականում չի եղել: Դա խնդիր չի, թող հիմա գա, միանա թիմին, մասնակցի հավաքներին, մրցումներին, եթե ուղեգիր կարողանա նվաճել, նրան որեւէ մեկը չի կարող արգելել մեկնել Օլիմպիական խաղեր, բայց հիմա գոնե թող գա: Այսպես արձագանքեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպական խաղերին մասնակցող մարզիկների հետ հանդիպման ընթացքում՝ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մասին NEWS.am Sport-ի թղթակցի բարձրացրած հարցին:

Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ին տված հարցարզույցում հայտարարել էր, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունի փոխհամաձայնություն՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի հետ կապված:

«Միհրանը գնացել է Բաքու: Ես դա կյանքում չեմ կարող մոռանալ: Գոտեմարտել եւ հաղթել է Ալիեւ ազգանունով աշխարհի չեմպիոնին: Եկավ մեծ շուքով նրան ընդունեցինք, պարգեւատրվեց, շատ մեծ գործ կատարեց, ինչը ես երբեք չեմ մոռանա: Նույնը եւ Ռիոյի Օլիմպիական խաղերում, նրան օլիմպիական չեմպիոնին վայել դիմավորեցինք:

Ճիշտ է, մեր առաջին օլիմպիական չեմպիոնը Արթուր Ալեքսանյանն էր, բայց Միհրանին էլ արծաթե մեդալը փոխարինեցինք ոսկե մեդալով, քանի որ Միհրան Հարությունյանն արժանի մարզիկ է:

Ինչ վերաբերում է իմ եւ Միհրան Հարությունյանի խոսակցությանը, բոլորին ասել եմ, Լեւոն Ջուլֆալակյանն էլ գիտի, ֆեդերացիայի նախագահն էլ, եթե ցանկություն ունի փորձելու, թող գա, մասնակցի հավաքներին, գումար էլ կտրամադրենք, հնարավորություն էլ կտանք: Եթե իր քաշային կարգում ուրիշը ուղեգիր բերի, Միհրանն այդ ուղեգրով չի կարող գնալ Օլիմպիական խաղերը: Եթե կգա, հավաքին կմասնակցի, մրցման կմասնակցի, ուղեգիր կբերի, «իրա ցավն էլ տանեմ»: Ես այս պայմանավորվածությունն եմ ունեցել Միհրանի հետ: Սրա մասին Լեւոն Ջուլֆալակյանը, ֆեդերացիայի նախագահը տեղյակ են: Ինչպես կարող ենք մենք Միհրանին Օլիմպիական խաղեր չուղարկել, եթե նա գա, հավաքներին մասնակցի, մրցումների մասնակցի, ուղեգիր նվաճի: Բայց եթե չգա ու Լեւոն Ջուլֆալակյանի թիմը իր քաշային կարգում արդեն ուղեգիր նվաճած լինի, ինչպես կարող ենք ուրիշի փոխարեն Միհրանին ուղարկել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի բարձրացրած հարցը Միհրան Հարությունյանի վերաբերյալ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ, վրդովեցրեց Լեւոն Ջուլֆալակյանին: «Ես այս թեմայի շուրջ 100 անգամ խոսել եմ եւ մեկնաբանել եմ, գուցե մարդիկ կան, մի փոքր ուշ են ըմբռնում, դա իրենց խնդիրն է: Եւս մեկ անգամ մեկնաբանեմ, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Ցանկացած մարզիկ պարտավոր է ենթարկվել հավաքականի կարգուկանոնին եւ պահանջներին: Բոլոր մարզիկներն ունեն իրավունքներ եւ պարտականություններ: Ցանկացած մարզիկ, որպեսզի իր ուրույն տեղն ունենա, պարտավոր է լիարժեք մասնակցել բոլոր ուսումնամարզական հավաքներին, պլանավորված մրցաշարերին, ձեռք բերի իրավունքը, նոր ասի՝ ես տվյալ անձնավորությունն եմ, որը չորս տարի առաջ արել եմ էս-էս-էս բաները: Այլ պարագայում, մենք ունենք լիքը մարզիկներ, ովքեր կարող են ասել, ես էլ եմ ուզում: Ուզելը լավ բան է, բայց պետք է գորգում ապացուցեն՝ ինչ են կարողանում անել: Լրագրողներին խնդրում եմ այդքան չփորփրել: Պարզ բացատրել եմ»,- միջամտեց Լեւոն Ջուլֆալակյանը:

«Ես բոլորին էլ ասել եմ՝ Միհրանն այժմ Ռուսաստանում է ապրում, հավաքներին երկու տարի չի մասնակցել, խնդիր չկա: Բայց հիմա մենք հավաք ենք անում, նա պետք է հավաքին մասնակցի, փորձի ուժերը մրցումների ժամանակ: Ամեն դեպքում չենք կարող ուրիշի ուղեգրով Միհրանին ուղարկել Օլիմպիական խաղեր: Գոնե հիմա թող գա, ես դեմ չեմ... 2-3 տարի չի եկել: Թող հիմա գա, միանա թիմին»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։