Ավետիք Վարդանյան․ 9 ըմբիշով 4 մեդալ Եվրոպայի առաջնությունից՝ հրաշալի արդյունք է

12:37   12 հունիսի, 2019

9 ըմբիշով 4 մեդալ Եվրոպայի առաջնությունից՝ հրաշալի արդյունք է, բայց տղաները կարող էին ավելին անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Իսպանիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ավետիք Վարդանյանի գլխավորած հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, որը եզրափակիչում գոտեմարտեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյի հետ եւ առավելության հասավ 11։0 հաշվով։

Արծաթե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, որը եզրափակիչում գոտեմարտեց վրացի Միրիանի Մայսուրաձեի հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը:

«Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը մասնակցեց 9 քաշային կարգերում, որից չորսում մեդալ նվաճեցինք: Արդյունքներից գոհ եմ, բայց այն գոտեմարտերը, որոնք անցկացրեցին մեր տղաներրը, սպասելիքներն ավելի բարձր էին: Թիմային հաշվարկում 6-րդ ենք: Շատ լավ անակնկալ մատուցեց Հրաչյա Մարգարյանը՝ Եվրոպայի ոսկե մեդալ նվաճելով: Առաջին իսկ գոտեմարտից ցույց տվեց, որ ոչ մեկին մրցագորգում չի զիջում, արժանի է լինել հավաքականի կազմում եւ հավաքականի լիդերներից մեկը: Հրաչյայից բացի, մյուս բոլոր ըմբիշները մասնակցել էին Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Միակ նորեկը Հրաչյան էր, եւ հենց այս պատճառով եմ ասում, որ նա բոլորիս հաճելի անակնկալ մատուցեց իր հաղթանակով:

Արման Ավագյանի մեդալն ինձ շատ է ուրախացրել: Սա իր առաջին մեդալն է խոշոր մրցաշարում: Սկսած պատանեկան հավաքականից Արմանը միշտ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հասել է կիսաեզրափակիչներ, բայց ինչ-որ բան նրան խանգարում էր մեդալ նվաճել: Նա արժանի էր այս մեդալին, միայն թե ավելի շուտ: Ոսկե մեդալ էի սպասում նաեւ Արման Անդրեասյանից: Նա ուղղակի իրավունք չուներ կիսաեզրափակիչում պարտվել:

Ուրախ եմ, որ ամեն տարի երիտասարդների հավաքականում նոր անուններ են ի հայտ գալիս, նոր հաղթանակներ ենք կերտում, չենք բավարարվում մեկով կամ երկուսով: Յուրաքանչյուր մարզիկ ունի մեդալակիր, չեմպիոն դառնալու ներուժ եւ մեր թիմը բոլորին տալիս է հնարավորություն՝ փորձելու ուժերը: Վստահ ասում եմ, որ ներկայումս ունենք հրաշալի երիտասարդ ըմբիշներ, որոնք լիարժեք պատրաստ են համալրելու ազգային հավաքականը եւ մեծ հավակնություններ ունեն շատ լավ ըմբիշներ դառնալու»,- ասաց Ավետիք Վարդանյանը:

61 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոնը Հրաչյա Մարգարյանի խոսքով բարդ պայքարի արդյունքում է կարողացել ոսկե մեդալ նվաճել:

«Նախ շնորհակալ եմ մարզիչներին, որ վստահել են ինձ այս քաշում հանդես գալու համար: Շատ բարդ տրված հաղթանակ էր: Դժվար գոտեմարտեր ունեցա: Բարդ խմբում էի հայտնվել: Կարողացանք ամեն ինչ անել՝ եզրափակիչ դուրս գալու համար: Իրականում ավելի բարդ էր եզրափակիչ դուրս գալը, քան եզրափակիչում հաղթելը: Տպավորութուններս մեծ են: Այս հաղթանակն ինձ կոգեւորի եւ կօգնի, որ փորձեմ ոսկե մեդալի համար պայքարել նաեւ աշխարհի առաջնությունում: Այս հաղթանակս ցանկանում եմ նվիրել հորեղբորս, քանի որ ամենաշատը նա էր սպասում ոսկե մեդալիս»,- ասաց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը:

«Արծաթե մեդալս սպասված էր: Ուրախ եմ, որ կարողացա նվաճել: Ցանկալի էր ոսկին: Կաշխատեմ ավելի շատ, որպեսզի աշխարհի առաջնությանը լավ պատրաստվենք ու ոսկի նվաճեմ»,- նշեց արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյանը:

«Հնարավորություն ունեի ավելի լավ արդյունք ցույց տալ, բայց բավարարվեցի բրոնզով, չկարողացա հաղթել կիսաեզրափակիչում: Ամեն դեպքում բրոնզե մեդալի համար էլ եմ ուրախ: Կա պարտություն, կան սխալներ. մարզիչներիս հետ կաշխատենք, որպեսզի աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գամ: Ինձ համար մեդալ նվաճելը մեծ հաջողություն էր, որը կօգնի հետագայում ավելի վստահ զգալ մրցագորգում»,- ասաց բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը:

«Սպասելիքներս ավելին էին: Ափսոսում եմ, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ոչ միայն ես, մարզիչներս էլ ավելի մեծ սպասելիքներ ունեին ինձնից: Կիսաեզրափակիչում ռուս ըմբիշի հետ գոտեմարտում լարված էի եւ պարտվեցի»,- ամփոփեց Արման Անդրեասյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։