Ռոման Բերեզովսկին, Արամ Հայրապետյանն ու Պետրոս Ավետիսյանը՝ Հայաստանի հաղթանակի մասին

23:58   8 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին եւ խաղացողները մեկնաբանել են 3։0 հաշվով տնային հաղթանակը Լիխտնեշտեյնի հավաքականի նկատմամվ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Տպավորությունները շատ լավ են, տղաները շատ լավ խաղացին, ուրախացրին բոլորիս։ Կարծում եմ՝ շատ էներգիա ծախսեցին, ափսոս, որովհետեւ 2 օրից էլի շատ լուրջ խաղ է սպասվում։

Արամ Հայրապետյանը լավ է զգում, նորմալ է, անհաջող ընկավ։ Ոսկանյանի փոխանցումից հետո ճիշտ էր, որ նշանակվեց ազատ հարված, չգիտեմ երևի տխրում էր մեր դարպասապահը և որոշեց ձեզ ուրախացնել»,- նշեց Ռոման Բերեզովսկին։

«Լիխտենշտեյնի հավաքականին գրեթե ոչ մի շանս չտվեցինք: Միայն ես էի նրանց համար գոլային պահեր ստեղծում, նրանք միայն իմ սխալների հաշվին էին վտանգավոր պահ ստեղծում ու գոլ խփելու հնարավորություն ունենում: Առաջին խաղակեսում նրանք ուղղակի ոչ մի հնարավորություն չունեին: Երկրորդ խաղակեսում իմ կոպիտ սխալներն էին նրանց մի քիչ շանս տալիս: Կշարունակենք աշխատել, որպեսզի նման սխալներ թույլ չտանք: 3:0 հաշվով ավարտեցինք խաղը, բոլորիս ու ամենակարեւորը երկրպագուներին ուրախացրեցինք»,- ասաց «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը:

«Շատ ուրախ եմ, որ մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն ստացա։ Արագ գոլը մեզ օգնեց, որ ավելի հեշտ ընթանա խաղը և խոշոր հաշվով հաղթանակ տանենք . շատ ուրախ եմ, որ երկրպագուները նորից վայելեցին Հայաստանի հավաքականի հաղթանակը։ Հուսով եմ, որ կզարգացնենք հաջողությունը, և ես հետագայում ավելի օգտակար կլինեմ։ Մեծ պատիվ է և պատասխանատվություն։ Առաջին անգամ էի մեկնարկային կազմում, կար մի քիչ լարվածություն, բայց արդեն թեթևացավ»,- նշեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

Հայաստանի հավաքականը Հունաստանի թիմի հետ կխաղա հունիսի 11-ին Աթենքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։