Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնին՝ 3։0 (ֆոտոշարք)

21:50   8 հունիսի, 2019

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Լիխտենշտեյի հավաքականին եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին Վարադատ Հարոյանի երկար փոխանցումից հետո հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը։

18-րդ րոպեին Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփեց Հայաստանի թիմի երկրորդ գոլը։ Ղազարյանի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, որին առաջինը հասավ Կարապետյանը եւ շանսը բաց չթողեց։

Կարապետյանը հետագայում մեկ անգամ էլ գրավեց մրցակցի դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ տեմպով։ Երկու թիմերն էլ ստեղծեցին վտանգավոր պահեր։ Դարպասապահ Արամ Հայրապետյանի երկու սխալները կարող էին ճակատագրական լինել Հայաստանի թիմի համար, սակայն առաջին դեպքում Տարոն Ոսկանյանը գնդակը հանեց դարպասի գծի վրայից, իսկ երկրորդ դեպքում, Տարոն Ոսկանյանը հետ փոխանցում կատարեց դարպասապահին, որը ձեռքով վերցրեց գնդակը, թեեւ դրա իրավունքը չուներ։ Տուգանային հրապարակում ազատ հարված նշանակվեց Հայաստանի թիմի դարպասին։ Արամ Հայրապետյանը հետ մղեց հարվածը՝ շտկելով իր սխալը։

Վերջնամասում վտանգավոր հարված կատարեց Հենրիխ Մխիթարյանը, բայց Լիխտենշտեյնի դարպասապահը փրկեց դրությունը։ Փոխարիան դուրս եկավ Էդգար Բաբայանը նախաձեռնեց անհատական անցում, թիկունքում թողեց մրցակցի չորս պաշտպաններին, սուր փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, սակայն դարպասապահը հետ մղեց, իսկ պաշտպանը հեռացրեց գնդակը խաղադաշտից դուրս։

Ավելացված ժամանակում Էդգար Բաբայանը օգտվեց պաշտպանների սխալից, խլեց գնդակը, փոխանցում կատարեց Տիգար Բարսեղյանին, որն էլ հաշիվը դարձրեց 3։0։ Վերջում էլ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո մրցակցին գոլից փրկեց դարպասաձողը։

J խմբում տեղի ունեցավ նաեւ Ֆինլանդիա - Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումը։ Նվազագույն հաշվով առավելության հասան ֆինները եւ 6 միավորով բարձրացան երկրորդ տեղ՝ 6 միավորով հավասարվելով 2 հանդիպում անցկացրած Իտալիային։ Հունաստանն ու Բոսնիան ունեն 4-ական միավոր։ Հայաստանի հավաքականը 3 միավորով նախավերջին տեղում է։ Լիխտենշտեյնը միավոր չունի։

Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 3։0

Գեւորգ Ղազարյան, 2, Ալեքսանդր Կարապետյան, 18, Տիգրան Բարսեղյան, 90+1

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան (Ռումյան Հովսեփյան, 78), Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Գրիգորյան, 76), Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան (Էդգար Բաբայան, 73)։

Ֆինլանդիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 2։0

Տեեմու Պուկի, 56, 68

Հունաստան - Իտալիա՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։