«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների». Մարինե Կարապետյանի եւ Արթուր Գալստյանի հաղթանակով

19:48   23 օգոստոսի, 2012

«Հաշմանդամություն ունեցող այն մարդը, ով զբաղվում է սպորտով արդեն հաշմանդամ չէ,  առողջ ապրելակերպով ապրող մարդը լիարժեք առողջ մարդ է»։ Այսպես բնութագրեց սպորտով զբաղվող հաշմանդամություն ունեցող անձանց օգոստոսի 23-ին «Միկա» մարզահամալիրում կայացած սեղանի թենիսի մրցաշարի հաղթող Արթուր Գալստյանը։

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով օգոստոսի 23-ին, Լոնդոնի Պարաալիմպիկ խաղերին ընդառաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Միկա» մարզահամալիրում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար սահմանափակ հնարավորություններով մարզիկների եւ լրագրողների միջեւ։

Կանանց մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար Մարինե Կարապետյանը, որը եզրափակիչում հաղթեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Զառա Ավագյանին։

Տղամարդկանց մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց հաշմանդամների «Փյունիկ» միության անդամ Արթուր Գալստյանը։ Նա եզրափակիչում պարտության մատնեց Հանրային հեռուստաընկերության մարզական հաղորդումների ռեժիսոր Արսեն Թամազյանին։

Մրցաշարի հաղթող Արթուր Գալստյանը 27 տարեկան է։ Թենիսով զբաղվում է արդեն երկար տարիներ։ Սպորտի սիրահար է, իր միակ որդուն էլ դաստիարակում է մարզիկի ոգով։

«Սեղանի թենիսով զբաղվել եմ մանկուց։ Սա իմ սիրելի մարզաձեւն է։ Սա առողջ ապրելակերպի հիանալի տարբերակ է եւ հնարավորություն։ Փորձել եմ մշտապես վարել առողջ ապրելակերպ։ Մասնավորապես ինձ ուրախացրեց այն, որ այս մրցաշարում կարող են մասնակցություն ունենալ հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Հոգեբանական խոչընդոտ չկար, բայց կարող էր լինել այն դեպքում, եթե ես ինքս մտովի չպատկերացնեի, որ հասարակության լիարժեք եւ լիիրավ անդամ եմ։ Այս մրցաշարի կարգախոսն էր «սպորտը հանուն հավասար հնարավորությունների»։ Ես անհավասար հնարավորություն չզգացի։ Հաշմանդամություն ունեցող այն մարդը, ով զբաղվում է սպորտով, արդեն հաշմադնամ չէ,  առողջ ապրելակերպով ապրող մարդը լիարժեք առողջ մարդ է»,- ասաց սեղանի թենիսի մրցաշարի հաղթող Արթուր Գալստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.