Արմեն Գյուլբուդաղյանց․ Լիխտենշտեյնի հավաքականում մարզիչ է փոխվել, խաղաոճ է փոխվել, շատ կազմակերպված թիմ է

19:23   7 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնիում հունիսի 8-ին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում խոսեց Լիխտենշտեյնի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրի հանդիպման մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Լիխտենշտեյնի հավաքականում գլխավոր մարզիչ է փոխվել, խաղաոճ է փոխվել, շատ կազմակերպված թիմ է, պայքարում է մինչեւ վերջ, լավ թիմի տպավորություն է թողնում: Լիխտենշտեյնի կազմը մեր հետ խաղում եւ Իտալիայի ու Հունաստանի հետ խաղերում գրեթե չի փոփոխվել, 8 ֆուտբոլիստ չի փոխարինվել: Ամենք դեպքում նրանց առաջատար խաղացողները հայտացուցակում են: Ուսումնասիրել ենք նրանց խաղը, բայց պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սխալներ թույլ չտանք վաղվա խաղում:

Թիմի նորեկ Արմեն Համբարձումյանը մեծ առաջընթաց է ապրել, խելացի, լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Թիմում կան մեկ, երկու ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքներ ունեն եւ հույս ունենք, որ մինչեւ վաղը ամեն ինչ կկարգավորվի: Եթե վախենանք, որ պետք է չսխալվենք, ուրեմն կսխալվենք: Պետք է քիչ մտածել սխալվելու մասին, պետք է մտածել ճիշտ որոշումների մասին: Եթե նայեք իմ անցած ճանապարհը, ես երիտասարդներին մեծ տեղ եմ տալիս եւ ուզում եմ, որ սենդափոխություն լինի: Արդեն հասունացել են մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել հավաքականը: Կազմը կհայտարարենք վաղը:

Արազ Օզբիլիսը երբ մնաց առանց թիմի, երկու օր անց անհատական ծրագրով սկսեց մարզվել: Մեծ ցանկությամբ եւ նվիրվածությամբ ուզում է օգնել ազգային հավաքականին: Հուսով եմ, որ նա օգտակար կլինի մեր հավաքականին: Նա միշտ պետք է թիմի հետ մարզվի, որպեսզի նրանից շատ բան սովորեն: Յուրա Մովսիսյանը բուժվում է Լեհաստանում: Նա մի քանի հրավեր ունի, դեռ քննարկման փուլում է: Գեւորգ Ղազարյանը նույնպես մի քանի հրավեր ունի, դեռ քննարկում է: Բայց այսօր մենք եւ ամբողջ թիմը կենտրոնացած ենք վաղվա եւ Հունաստանի դեմ խաղերի վրա:

Մարկոսը Հայաստանում է իր բժշկի հետ, օրը երկու մարզում է անցկացնում՝ վերականգնողական: Նա մեծ նվիրվածությամբ է մարզվում եւ օգոստոս-սեպտեմբերին կվերադառնա խաղադաշտ: Նորբերտո Բալեկյանը մայիսի 15-ին վերջին խաղը խաղաց: Մենք նրա հետ կապ հաստատեցինք եւ հրավեր ուղարկեցինք: Նա պատասխանեց, որ հնարավորություն չունի հունիսի 4-ից շուտ գալ: Մենք առաջարկեցինք, որ մեր ֆիզպատրաստության մարզիչը ծրագիր ուղարկի նրան, որպեսզի նա գոնե մարզվի, բայց նա ասաց, որ այս պահին չի կարող մարզվել, քանի որ տեղը հարմար չէ: Մենք որոշեցինք այս շրջանում նրան չհրավիրել: Ինքն էլ ասաց, որ լավ մարզավիճակում չէ:

Սարգիս Ադամյանին շնորհավում եմ բարձր նվաճման համար: Նա խնդրեց, որ լավ ապաքինվի, որպեսզի նոր թիմում կարողանա ավելի լավ մարզվի:

Գեղամ Հարությունյանը նույնպես մեր ընդլայնված ցանկում կար, բայց որոշեցինք այս անգամ կազմ հրավիրել Արթուր Միրանյանին, ով ավելի կայուն է խաղում: Սարկիսովը վնասվածք է ստացել, չնայած նրան հրավեր ուղարկել էինք, բայց նա ինչ-որ խնդիրներ ունի եւ չկարողացավ միանալ: Սարգիս Ադամյանի պարագայում չեմ գտնում, որ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, նա վնասվածք ունի: Ինչ վերաբերում է Կալիզիրին եւ Բալեկյանին, մնացածների համար սա մեծ փորձ կլինի, որպեսզի այդպիսի սխալներ այլեւս թույլ չտան: Ես շատ գոհ կլինեմ, որ ֆուտբոլիստներն ազատ լինեն իրենց որոշումների մեջ, բայց կարգապահությունը մնում է կարգապահություն։

Մենք հետեւում ենք օտարերկրյա ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին։ Հետեւում ենք նաեւ Արթուր Ավագիմյանին, որը հաջող է հանդես գալիս Կիեւի «Արսենալում»»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ: Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը:

Այս խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Ֆինլանդիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։