Մեծ Բրիտանիայի դեսպան. Վստահ եմ, որ Հայաստանի թիմը հպարտություն կպարգեւի իր երկրին

18:59   23 օգոստոսի, 2012

«Լոդնոնի Պարալիմպիկ խաղերի մեկնարկին մնացել է մեկ շաբաթ։ Մեծ Բրիտանիան հսկայական պատասխանատվությամբ է պատրաստվում Խաղերին։ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կարգախոսն էր՝ «Սպորտը բոլորի համար», իսկ Պարալիմպիկ խաղերը հատկապես շեշտում են այս գաղափարը։ Ես ուրախ եմ, որ Պարալիմպիկ խաղերում եւս Հայաստանը ներկայանալու է»։

Այս մասին օգոստոսի 23-ին «Միկա» մարզահամալիրում ասաց Հայաստամում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը։

Հայաստանում Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ կազմակերպել էր Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում Հայաստանի մասնակիցներին Մարգարիտա Հովակիմյանին եւ Գրետա Վարդանյանին Լոնդոն ճանապարհելու հանդիսավոր արարողությունը։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Պարաալիմպիկ խաղերի մասնակիցներին հանձնեց խորհրդանշական օլիմպիական դրոշը։

«Լոնդոնի Օլիմպիական խաղերը ստեղծեցին հատուկ ոգի եւ ցանկանում եմ, որ 2014թ. Սոչիի եւ 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակեն եւ տարածեն այդ ոգեշնչվածությունը։ Օգոստոսի 29-ին մենք կնշանավորենք Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի բացումը։ Ուրախ ենք, որ Հայաստանի թիմը նույնպես մասնակցելու է»,- ասաց Ջոնաթան Ջեյմս Էյվս։

Հարցին, թե ո՞ւմ է սատարելու Լոնդոնի Պարաալիմպիկ խաղերում՝ հայ մարզիկներին, թե բրիտանացիներին, դեսպանը կես կատակ կես լուրջ պատասխանեց.

«Կարծում եմ, որ պատասխանը կարող եք գուշակել։ Ես Մեծ Բրիտանիայի դեսպանն եմ եւ բնական է, որ պետք է ցանկանամ, որպեսզի Մեծ Բրիտանիայի պարալիմպիկ թիմը նվաճի  որքան հնարավոր է շատ մեդալ, բայց վստահ եմ, որ կան բոլորիս համար հասանելի մեդալներ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի թիմը հպարտություն կպարգեւի իր երկրին, իսկ ես իմ աշխատանքով կփորձեմ նրանց աջակցել»։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Սոնա Բարսեղյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։