Մալխաս Ամոյան. Փոքր տարիքում հագնում էի Ռոման Ամոյանի մարզահագուստն ու քնում դրանցով՝ երազելով չեմպիոն դառնալու մասին

22:38   6 հունիսի, 2019

Այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր էր: Ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը նվաճել: Մարզիչներիս աշխատանքի արդյունքում այսօր չեմպիոն եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իսպանիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 20-ամյա Մալխաս Ամոյանը:

Նա երիտասարդների 2018թ․ աշխարհի չեմպիոնն է,  Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2017թ․ աշխարհի փոխչմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, պատանիների 2015-16 թթ. աշխարհի բրոնզե մեդալակիր եւ 2016թ․ Եվրոպայի չեմպիոն: Նրա հավաքածուում չկար միայն երիտասարդների Եվրոպայի ոսկե մեդալը։

Իսպանիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 72 կգ քաշայինների պայքարում Մալխաս Ամոյանը եզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Միհայ Պետիչին։

Մալխաս Ամոյանը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,  աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի եղբորորդին է:

Մալխաս, շնորհավորում եմ հաղթանակիդ կապակցությամբ: Բարդ տրվե՞ց  Եվրոպայի ոսկե մեդալը:

Շնորհակալ եմ շատ: Անցկացրեցի 5 գոտեմարտ եւ որեւէ մեկը չեմ կարող այս պահին առանձնանցնել, քանի որ 5-ն էլ բարդ էին ու լարված: Բոլոր մրցակիցներիս հավասար եմ դասում: Ինձ համար թույլ մրցակից չկա: Կարողացա ճիշտ տրամադրվել, ճիշտ գոտեմարտեր անցկացնել նրանց հետ եւ հաղթել:

Երեւի ամենաբարդը ռուս ըմբիշի հետ գոտեմարտս էր: Նրան 1,5 ամիս առաջ պարտվել էի: Մարզիչներիս հրահանգներին հետեւելով՝ կարողացա նրան պարտության մատնել Եվրոպայի մրցագորգում: Շատ բարդ էր առաջին օրը, քանի որ իմ ենթախմբում մեծ մասը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ էին, մրցանակակիրներ: Մեկնարկային օրը շատ էի հոգնել, քանի որ լարված պայքար էր: Իսկ երեկ արդեն ամեն ինչ հանգիստ էր, ինձ մնում էր միայն կենտրոնանալ։

Նշեցիր, որ լարվածություն կար: Ինչպե՞ս էիր քեզ զգում գորգի վրա:

Շատ վստահ էի ինձ զգում գորգի վրա, բայց լարվածություն իրոք կար: Չի կարող նման մրցաշարերում՝ Եվրոպա, աշխարհ, լարվածություն չլինել: Միշտ մի փոքր լարվածություն լինում է: Պետք է ուղղակի այդ լարվածությանը չտրվել ու աշխատել գորգի վրա: Ես աշխատում էի իմ մարզիչների հրահանգներով:  

Մալխաս, ի՞նչը կամ ո՞վ է քեզ բերել ըմբշամարտ, Ռոման Ամոյանի գործոնը մե՞ծ է:

Ըմբշամարտով զբաղվում եմ շուրջ 14 տարի: Հորեղբորս՝ Ռոմանը Ամոյանի հաղթանակներն ինձ շատ էին ոգեւորում: Երբ նա արդեն Եվրոպայի չեմպիոն էր, աշխարհի ու Օլիմպիական խաղերի մեդալակիր, նրան հետեւելով, շատ եմ սիրել այս մարզաձեւը: Փոքր տարիքից միշտ հորեղբորս մարզահագուստները հագնում էի, գիշերները դրանցով քնում ու երազում, որ մի օր ես էլ եմ դառնալու ըմբիշ ու չեմպիոն: Այդպես սիրելով՝ սկսել եմ զբաղվել ըմբշամարտով: Հորեղբորս գործոնը շատ մեծ է իմ հաջողություններում, որպես մարզիկ կայանալու ճանապարհին: Ես շատ եմ լսում նրա խորհուրդները:

Բայց ուզում եմ նաեւ նշել ու շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք ինձ օգնել են 20 տարեկանում այսքան հաջողությունների հասնել. մեր հավաքականի մարզիչներ՝ Արմեն Բաբալարյանը, Մովսես Կարապետյանը, իմ անձնական մարզիչներ՝ Համլետ Հովհաննիսյանը, Ազատ Ամոյանը, որը նույնպես իմ հորեղբայրն է, Արսեն Մակվեցյանը, իմ ավագ ընկերներ՝ Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Արսեն Ջուլֆալակյանը, որոնք մարզումների ընթացքում ու նաեւ մարզումներից դուրս շատ են օգնում, աջակցում ու նաեւ «Դինամո» մարզական կազմակերպությանը, որտեղ էլ ես մարզվում եմ:

Իրականում ինձ այնքան մարդ է օգնում սպորտում՝ մարզիչներս,  ընկերներս, հարազատներս. չեմ կարող բոլորի անունները թվել, երկար կստացվի: Բայց ուզում եմ՝ իմ կողքը կանգնած բոլոր հոգեհարազատ մարդիկ իմանան, որ ես շատ շնորհակալ եմ նրանց աջակցության եւ օգնության համար:

Մալխաս, ի՞նչ է նշանակում՝ լինել չեմպիոն:

Աշխատանք, մարզումներ եւ եւս մեկ քայլ առաջ դեպի նպատակները: Երբ հասկանում ես, որ չեմպիոն ես դարձել, ոսկե մեդալը դու ես նվաճել, անբացատրելի զգացողություններ ես ապրում:  Քանի որ Եվրոպայի ոսկե մեդալը նվաճեցի կրտսեր եղբորս ծննդյան օրը, ուզում եմ այս հաղթանակս նվիրել նրան: Եղբորս անունը Դավիթ է, իմ չեմպիոնության օրը նա դարձավ 4 տարեկան:

Նշեցիր, որ հաղթանակներդ քեզ եւս մեկ քայլով տանում են դեպի նպատակներդ: Որո՞նք են դրանք:

Այս հաղթանակներն ինձ տանում են դեպի մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնության ու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ: Այդ ճանապարհով էլ փորձում եմ գնալ, քանի որ մեծ սպորտում այս երեք մեդալներն են իմ երազանքներն ու նպատակները:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։