«Չելսին»՝ ԵԼ-ի կրկնակի գավաթակիր, «Արսենալը» մնաց առանց ՉԼ-ի ուղեգրի (ֆոտո)

00:49   30 մայիսի, 2019

Լոնդոնի «Չելսին» երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը մրցեց իսպանացի Ունաի Էմերիի ղեկավարած Լոնդոնի «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

49-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն օգտագործեց իտալացի պաշտպան Էմերսոն Պալմիերիի փոխանցումը եւ գրավեց չեխ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։ Հիշեցնենք, որ Ժիրուն 2018-ին է «Արսենալից» տեղափոխվել «Չելսի»։

60-րդ րոպեին բելգիացի հարձակվող Էդեն Ազարի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։ Նա դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում (2011-ին «Բարսելոնայի» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ եզրափակիչում՝ 3։1)։

65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում «Արսենալի» անգլիացի պաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսը խախտեց կանոնները Ժիրուի նկատմամբ եւ Ազարը հստակ իրացրեց 11 մետրանոցը։

66-րդ րոպեին «Արսենալի» կազմում փոխարինման դուրս եկավ նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբին, որը երեք րոպե անց հեռվից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ անակնալի բերելով «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային։

72-րդ րոպեին Ազարը Ժիրուի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ՝ 4։1։

«Չելսին» 8 հարված կատարեց դարպասին, «Արսենալը»՝ 2։

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանում։

«Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել էր նաեւ 2013-ին՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով պորտուգալական «Բենֆիկային»։

«Արսենալը» հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա Եվրոպայի լիգայում։ Եզրափակիչում հաղթելու դեպքում, թիմը կստանար նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Չելսի» (Անգլիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 4։1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 49, Պեդրո, 60, Էդեն Ազար, 65, 11մ, 72 - Ալեքս Իվոբի, 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։