14:03 29 մայիսի, 2019Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը թիմի հետ չի մեկնել Բաքու:
«Ես ու Մխիթարյանը միասին ենք 5-6 տարի եւ, իհարկե, լավ ընկերներ ենք: Թվիթերում գրել էի, թե ինչ եմ մտածում: Մենք պետք է խաղանք նրա ու մեր վնասվածք ստացած խաղացողների համար: Եթե մենք հաղթենք եզրափակիչում, դա կլինի նաեւ նրանց համար»,- ասել է Պապաստատոպուլոսը:
«Իհարկե, հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Արդեն շատ է խոսվել Մխիթարյանի ու քաղաքական հարցերի մասին, բայց հիմա ժամանակն է խոսել ֆուտբոլից: Մխիթարյանը մեզ համար շատ կարեւոր է խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում ենք տիտղոս նվիրել նրան»,- ասել է Գրանիտ Ջական, փոխանցում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.