ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է անգլիական «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին եւ կիսվել եզրափակիչից իր ակնկալիքներով:
Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:
Արդեն շուրջ 10 տարի:
Ի՞նչ է մտնում ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:
Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից եւ զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈւԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական եւ տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի եւ կարեւոր դրվագների վրա:
Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի.
Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:
Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը եւ կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:
Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում:
Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը եւ այլն: Նախորդ տարիներին եւս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ եւ այլոք:
Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:
Եզրափակչում «Բարսելոնային» էի սպասում: Կուզեի Մեսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» եւս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։