ՀԱՕԿ-ը խաբո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին

17:40   27 մայիսի, 2019

Դեռեւս 2018 թվականի օգոստոսից սկսված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե -Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա դիմակայությունը նոր թափ է հավաքում. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի «մեդիա-պատերազմն» էլ այժմ ազդեցություն է թողնում նաեւ Եվրոպական խաղերին մասնակցելիք Հայաստանի հավաքականի կազմի ընտրության վրա։

ՀԱՕԿ-ն ու ՀԲՖ-ն այժմ էլ չեն կարողանում որոշել հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմի կազմը: Ի դեպ, Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար նաեւ Եվրոպայի առաջնության արդյունք են գրանցելու:

Վերջին օրերին երկու կառույցները տարբեր կազմեր են ներկայացնում Եվրոպական խաղերի համար: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ներկայացրած կազմում ընդգրկվել են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը (91 կգ): Կանանց մրցաշարում Հայաստանից մասնակցության անվանական իրավունք է նվաճել միայն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա մարտին դարձել էր Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

ՀԱՕԿ-ի կազմում Եվրոպական խաղերում Հայաստանի թիմն ունի հետեւյալ տեսքը՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ) եւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Մայիսի 20-ին Արթուր Գեւորգյանի գլխավորած բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀԱՕԿ-ը միջամտում է Եվրոպական խաղերի կազմի ընտրության հարցում եւ փորձում կազմ ընդգրկել այն մարզիկներին, որոնք չեն հանդիսանում ազգային հավաքականի անդամ: Մարզիկները ներկայացնում են «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն, որն ի դեպ բացվել է ՀԱՕԿ-ՀԲՖ սկանդալից հետո՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Ֆեդերացիայի հայտարարությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ասուլիսով հանդես եկավ եւ խոսեց Հայաստանի սպորտի նախարարությունում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կողմից պարտադրանքի մասին՝ Եվրոպական խաղերի կազմում ՀԱՕԿ-ի ստեղծած ֆեդերացիայի մարզիկների ներգրավելու վերաբերյալ: Ըստ Ռուդիկ Մկրտչյանի, Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ հավաքականի կազմում պետք է ընդգրկվեն իրենց ուզած մարզիկները մյուս ֆեդերացիայից, այլապես գլխավոր մարզիչը չի ուղեկցի թիմին Խաղերին, հավաքական թիմն էլ կզրկվի մասնակցության ֆինանսավորումից:

ՀԱՕԿ-ի պատասխանը Հրաչյա Ռոստոմյանի մեկնաբանությամբ չուշացավ: Նա հայտարարեց, որ ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում եւ ներկայացրեց կառույցի «վերջնագիրը»՝ Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը: Հատկանշական է, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն իր «վերջնագրում» հայտարարեց, որ կազմի հայտներն արդեն ուղարկված են:

Սակայն ուղարկված հայտերի ցուցակի մասին պաշտոնական գրությունում Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներկայացրել էր լիովին այլ կազմ՝ դեռեւս մարտ ամսին։

Իրականում ՀԱՕԿ-ի եւ ՀԲՖ-ի միջեւ կազմերի որոշման եւ մարզիկների մասնակցության հարցի վերաբերյալ տարաձայնությունները սկսվել են դեռ փետրվարից:

2019 թվականի փետրվարի 28-ին «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ԱԻԲԱ-ի մաս կազմող EUBC եվրոպական կառույցին է ուղարկել Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի կազմը: Նույն օրը EUBC ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը պատասխանել է, որ եվրոպական կառույցն ընդունում է միայն Միջազգայի ֆեդերացիայի կողմից ճանաչված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին: Ըստ այդմ, չի կարող ընդունել որեւէ այլ ֆեդերացիայի կողմից ուղարկված թիմի կազմի հայտ:

EUBC եվրոպական ֆեդերացիան հայկական ազգային ֆեդերացիայի կողմից ուղարված հայտը հասցեագրել է ՀԲՖ-ին՝ հասկանալու համար, թե ինչու հայտը ՀԲՖ Արթուր Գեւորգյանի անունով չէ եւ ՀԲՖ-ի կողմից չէ:

Խնդրի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով հայկական բռնցքամարտում ստեղծված խնդիրը, Եվրոպական խաղերի շուրջ հավաքականի կազմի որոշման հարցում ՀԱՕԿ-ի «անառողջ» միջամտությունն ու դրա շուրջ ստեղծված տարաձայնությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանը խնդրի լայնածավալ ուսումնասիրությունը հանձնարարել է Կառավարության անդամ, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին, վերջինս էլ Եվրոպական խաղերի մասնակցության համար ներկայացված ցուցակների վերաբերյալ գրությունը պահանջել է ՀԱՕԿ-ից: Նշենք, որ Եվրոպական խաղերում մարզաձեւերի կազմերի հայտագրումն իրականացնում է տվյալ երկրի օլիմպիական կոմիտեն. Հայաստանի պարագայում՝ ՀԱՕԿ-ը:

ՀԱՕԿ-ի պատասխան գրության մեջ ասվում է, որ Կոմիտեն արդեն հայտարարագրել է բռնցքամարտիկների հավանական կազմը, այդ թվում ՀԲՖ-ի կողմից հավաքական թիմի բոլոր հավանական մասնակից մարզիկները հայտավորված են Եվրոպական խաղերում: Հրաչյա Ռոստոմյանը պատասխան գրությունում կցել է նաեւ արդեն հավաստագրված բոլոր մարզիկների ցանկը՝ EGIAC կոդերով, որոնցից, ըստ Ռոստոմյանի, 2019 թվականի մայիսին ընտրվելու էր վերջնական կազմը:

Հետգրություն. Փաստորեն՝ ՀԱՕԿ-ի հովանու ներքո գործող ֆեդերացիան հավաքականի կազմի այլ ցանկ է ներկայացնում EUBC Եվրոպական կառույցին, իսկ ՀԱՕԿ-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներկայացնում է լիովին այլ ցանկ, որում ընդգրված են ՀԲՖ-ի կողմից ՀԱՕԿ-ին ներկայացված մասնակից մարզիկների հավանական կազմի բոլոր անդամները: Իսկ օրերս, Հրաչյա Ռոստոմյանը, ներկայացնելով Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մասնակիցների ցանկը, հայտարարում է ամբողջությամբ այլ կազմ, որտեղ տեղ գտած մարզիկների անունները բացակայում են ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացված EGIAC կոդերով արդեն հավաստագրված մարզիկների ցանկից:

(Գրությունների մասին վկայով փաստաթղթերի փաթեթը NEWS.am Sport-ին տրամադել է ՀԲՖ-ն)։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։