ՀԲՖ․ Անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում եւ խոչընդոտ

23:04   25 մայիսի, 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։

«ՀԱՕԿ-ի որոշումից հետո, թե Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեն մարզիկներ եւ մարզիչներ, որոնք չեն հանդիսանում հավաքական թիմի անդամ, դժգոհություն է առաջացրել հավաքականի մարզիկների շրջանում: 

Այդ պատճառով որոշում է կայացվել Ծաղկաձորում նախատեսված հավաքը տեղափոխել այլ վայր: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեր մարզիկները Գյումրիում կնախապատրաստվեն Եվրոպական խաղերին: Հիշեցնում ենք, որ սա այն հավաքականն է, որն իրեն լավագույնս է դրսեւորել բոլոր միջազգային մրցաշարերում: 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւս մեկ անգամ հայտարարում է. անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում եւ խոչընդոտ մարզիչների եւ մարզիկների աշխատանքին՝ հատկապես այս կարեւոր փուլում»,- ասվում է ՀԲՖ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ  մայիսի 22-ին ՀԲՖ-ն ներկայացրել էր Եվրոպական խաղերում Հայաստանի թիմի կազմը. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա մարտին դարձել էր Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։