22:20 25 մայիսի, 2019Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթից» վերադառնում է 5 մեդալով, որից 3-ը ոսկե:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Մայիսի 24-25-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած «Դիտյատինի գավաթում» Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու երիտասարդ Գագիկ Խաչիկյանը ընդհանուր հաշվարկով 7 մեդալ են նվաճել՝ 4 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Հայ մարմնամարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին տեղը: Գավաթի մեկնարկային օրը Արթուր Դավթյանը բազմամարտի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, Գագիկ Խաչիկյանը՝ 4-րդ տեղը գրավել: Մայիսի 25-ին առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը հաղթողի կոչումը նվաճել է երկու գործիքների վրա, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ մեկ։
«Շատ լավ եմ գնահատում մեր թիմի մասնակցությունը: Այս մրցաշարում կարգն այնպես էր, որ յուրաքանչյուր երկրից պետք է երկուական մասնակից լիներ՝ մեկը մեծահասակներից, մյուսը՝ երիտասադներից: Արթուր Դավթյանից շատ գոհ եմ: Ոսկե մեդալ նվաճեց բազմամարտում, ինչը հրաշալի արդյունք է բազմամարտի համար, ոսկե մեդալակիր դարձավ նաեւ իր հիմնական գործիքի՝ հենացատկի եւ նժույգի վարժություններում: Օղակների եւ ազատ վարժություններում արծաթե մեդալակիր դարձավ: Էլեմենտներ էինք ավելացրել պտտաձողի վարժությունում եւ Արթուրը շատ լավ կատարեց այն: Ի դեպ՝ պտտաձողը մեր ամենաթույլ գործիքն է: Այս մրցաշարը մեզ շատ հարկավոր էր, քանի որ որոշակի փոփոխություններ էինք կատարել, բարդացրել էինք մի քանի վարժություններ, քանի որ առջեւում Եվրոպական խաղերն են եւ մեզ պետք էր հասկանալ, թե ինչպես է Արթուրը կարողանում կատարել փոփոխված վարժությունները: Հենց այս ծրագրով ու փոփոխված, բարդեցված վարժություններով էլ հանդես կգանք Եվրոպական խաղերում:
Գագիկ Խաչիկյանի մասնակցությունն էլ է ինձ գոհացնում, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք կատարեց: Նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ, պտտաձողի վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց, ինչն անակնկալ էր: Գագիկ Խաչիկյանին նպատակային ընդգրկեցինք այս մրցաշարին: Նրա համար ավելի շատ փորձություն էր «Դիտյատինի գավաթը»: Եվրոպական խաղերի օրերին մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է աշխարհի երիտասարդների առաջնություն, որին մասնակցելու է Գագիկ Խաչիկյանը: Միայն նա է մասնակցում: Գագիկը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նժույգի վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Նրա վարժությունը բարդացրել ենք եւ այս գավաթում փորձարկեցինք աշխարհի առաջնության համար: Առաջնությունը կայանալու է Հունգարիայում:
Թիմային հաշվարկում առաջին տեղն ենք գրավել: Սա ուղղակի հրաշալի արդյունք էր եւ ինձ համար շատ անսպասելի: Մարմնամարզությունում ամենալավ ոսկին բազմամարտի ոսկե մեդալն է:
Այժմ կնախապատրաստվենք Եվրոպական խաղերին: Հայաստանի թիմը՝ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը հունիսի 8-22-ը Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանենք Եվրոպական խաղերի համար, որն իրականացնում է ՀԱՕԿ-ը: Չնայած Եվրոպական խաղերին հանդես կգանք 3 մասնակցով, բայց մեզ հնարավորություն է տրվել հավաքին թիմի կազմ ընդգրկել նաեւ Արթուր Ավետիսյանին, քանի որ նա էլ պատրաստվում է Համաշխարհային Ունիվերսիադային:
Այս հավաքի ընթացքում Արթուր Դավթյանի հենացատկի վարժությունում կփորձարկենք երկրորդ ցատկը՝ բարդացված տարբերակով, բայց դա նախատեսված կլինի աշխարհի առաջնության համար: Արթուր Դավթյանի վարժությունում դեռ աշխատելու տեղ կա աշխարհի առաջնության համար: Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր միակ հույսը հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Նշենք, որ Հակոբ Սերոբյանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում լինելու է մրցավար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.